Մատչելիության հղումներ

Թուրքիայում շարունակվում են ձերբակալված պաշտոնաթող զինվորականների հարցաքննությունները


Ստամբուլի դատարանն այսօր ողջ օրվա ընթացքում հարցաքննում էր երկուշաբթի լուսադեմին ձերբակալված պաշտոնաթող զինվորականներին: Զորացրված գեներալներին, ծովակալներին եւ գնդապետներին ոստիկանությունը ձերբակալեց չորս խոշորագույն քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում, Բուրսայում եւ Իզմիրում իրականացված գործողության ընթացքում: Ձերբակալվածների թվում են ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարները, Ստամբուլում տեղակայված 1-ին բանակի նախկին հրամանատարը:

Ոստիկանությունը պնդում է, որ զինվորականները 2003-ին ռազմական հեղաշրջում էին ծրագրում՝ նպատակ ունենալով տապալել Էրդողանի կառավարությունը: Այս ծրագրով նախատեսվում էր երկրում քաոսային իրավիճակ ստեղծել` բանակի միջամտությունն ապահովելու համար: Մասնավորապես, պետք է պայթեցվեին Ստամբուլի մզկիթներից մի քանիսը, արհեստականորեն սրվելու էին հարաբերությունները հարեւան Հունաստանի հետ: Իրենք` ձերբակալված զինվորականները, պնդում են, որ որպես հեղաշրջման ծրագիր ներկայացվող փաստաթղթերն իրականում զորավարժությունների պլան էին:

Hurrieyt Daily News թերթի մեկնաբան Օզգուր Օգրիթի խոսքով. - «Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք անընդհատ նույն բանն ենք լսում, այս մի գեներալին ձերբակալել են, մյուսին հարցաքննել, խուզարկվել է Զինված ուժերի գաղտնի հրամանատարական կետը: Առաջին անգամ Թուրքիայի հանրապետության պատմության մեջ նման իրադարձությունների ականատեսն ենք դառնում: Որեւէ մեկը Թուրքիայում ի վիճակի չէ կանխատեսել, թե ի վերջո այս ամենն ինչ ավարտ կունենա»։

Նրա կարծիքով, վերջին ձերբակալությունները որոշակիորեն տարբերվում են «Էրգենեկոնի» գործից:

«Երբ հետաքննվում էր «Էրգենեկոն» ցանցի գործունեությունը` մարդիկ իրավացիորեն տարակուսում էին. եթե այդ կազմակերպությունը հեղաշրջում էր նախապատրաստում, ապա ինչու էին բացառապես լրագրողներ ու համալսարանների դասախոսներ կալանավորվում: Հանրությունը չէր հասկանում` իսկ որտեղ են այն զինվորականները, որ պետք է իրագործեին հեղաշրջումը: Այս վերջին ձերբակալություններով ամեն ինչ կարծես իր տեղն է ընկնում, եւ հետաքննությունը որոշակի իմաստ է ձեռք բերում», - նշում է Օգրիթը:

Մեկ այլ թուրք հեղինակի` Star պարբերականի մեկնաբան Մեհմետ Ալթանի կարծիքով. - «Այս նոր դարաշրջանում ռազմականացված պետությունները գոյության իրավունք չունեն: Վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ Թուրքիան քեմալիստական պետությունից վերածվում է ժողովրդավարական պետության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG