Մատչելիության հղումներ

Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությունը տեղի կունենա փետրվարի 25-ին


Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վիկտոր Յանուկովիչ

Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վիկտոր Յանուկովիչ

Ուկրաինայի նոր նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնը ստանձնելու է փետրվարի 25-ին: Այս արարողությանը մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանը Կիեւ է մեկնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ իր խորհրդական Անդրանիկ Մանուկյանի հետ:

Մի շարք երկրների նախագահներ հաստատել են, որ մասնակցելու են Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը, այդ թվում՝ Հայաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Lեհաստանի, Հունգարիայի, Lիտվայի, Lատվիայի նախագահները:

Վիկտոր Յանուկովիչը նախգահի պաշտոնը ստանձնեու է երկու օրից, բայց արդեն հաղորդվում է նրա առաջին այցելությունների մասին: Միշտ Ռուսամետ համարվող Յանուկովիչը նախագահի պաշտոնում առաջին այցը կատարում է Եվրամիության մայրաքաղաք համարվող Բրյուսել:

Ուկրաինայի նոր ընտրված նախագահը Բրյուսելում հանդիպումներ է ունենալու Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպյուի, արտաքին քաղաքականության հանձնակատար Քեթրին Աշթոնը հետ։ Վերջինս Կիեւում ներկա է լինելու Յանուկովիչի երդմնակալության արարողությանը։

Բրյուսել կատարելիք այցից անմիջապես հետո՝ մարտի առաջին տասնօրյակում, Յանուկովիչը մեկնելու է Մոսկվա:

Եվրամիության պաշտոնյաներից մեկը ասել է, թե Յանուկովիչի որոշումը՝ Բրյուսել այցելել նախքան Մոսկվա մեկնելը, ցույց է տալիս, որ նա հավասարակշռված քաղաքականություն է վարելու Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ։

Մինչ Յանուկովիչը պլանավորում է իր առաջին այցելությունները, ընտրություններում նրա հիմնական մրցակից, Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարում է, թե Վիկտոր Յանուկովիչին չի ընդունում որպես Ուկրաինայի նախագահ:

Չնայած Տիմոշենկոն հետ վերցրեց ընտրությունների արդյունքները վիճարկող դատական հայցը՝ երեկ նա հեռուստատեսությամբ հայտարարեց, թե նախագահը, որը իշխանության է գալիս կեղծիքների ճանապարհով, իրավունք չունի մնալու երկրի ղեկավարի պաշտոնում եւ խորհրդարանի ժողովրդավարական ուժերին կոչ արեց մի կողմ դնել վիճաբանություններն ու Գերագույն Ռադայում ուժեղ թիմ ձեւավորել, որը, նրա բնորոշմամբ, չի թույլատրի հակաուկրաինական դիկտատուրայի հաստատումը երկրում։
Վիկտոր Յանուկովիչի գլխավորած Ռեգիոնների կուսակցություն իր հերթին այսօր հայտարարեց, թե՝ «Գերագույն Ռադան կմերժի Տիմոշենկոյին այնպես, ինչպես մերժեց ժողովուրդը, միջազգային հանրությանը եւ Ռերագույն վարչական դատարանը»։

«Նա հիստերիա է բարձրացնում ու փորձում է վերականգնել գոյություն չունեցող կոալիցիան», - նշված է Ռեգիոնների կուսակցության այսօրվա հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG