Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի պատժի չկրած ժամկետը պետք է կիսով չափ կրճատվի


Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի կարծիքով, 2008 թվականի հետընտրական զարգացումների առնչությամբ 7 տարվա ազատազրկման դատապարտված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառելի է Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին հայտարարած համաներումը, եւ ընդդիմադիր խմբագրի պատժի չկրած ժամկետը պետք է կիսով չափ կրճատվի։

Երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում օմբուդսմենը իր եզրակացությունը հիմնավորեց հետեւյալ կերպ. - «Դա տարածվում է, որովհետեւ առաջին հերթին սա մարտի 1-ի հետ է կապված. դա համաներման նախապայման էր։ Այդտեղ համապատասխան հոդվածներով դատապարտվածների վրա տարածվում է»։

Հարցին, թե առաջին ատյանի դատարանը պե՞տք է պատժաչափը սահմանելիս հաշվի առներ համաներման ակտը, օմբուդսմենը պատասխանեց, որ դատարանի վճռի օրինականության կամ անօրինականության մասին չի ցանկանում խոսել։

«Տվյալ դեպքում հարցը պետք է մեկնաբանվի ի օգուտ մարդու իրավունքների, իսկ եթե ի օգուտ քաղաքացու ենք մեկնաբանում, միանշանակ տարածվում է, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հույս ունենանք, որ վերաքննիչ [դատարանը] այդպես կմոտենա, որովհետեւ պետք է ազատական տեսակետից, լայն մեկնաբանել օրենքները», - հավելեց Մարդու իրավունքների պաշտպանը։
XS
SM
MD
LG