Մատչելիության հղումներ

Բաքու է ժամանում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը


Փիթեր Սեմնեբի
Փիթեր Սեմնեբի

Երեքշաբթի օրը Բաքու է ժամանում Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին։ APA ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ` երկօրյա այցի ընթացքում բանագնացը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Բաքվում Սեմնեբին քննարկելու է Եվրոպական միության եւ Ադրբեջանի հարաբերությունների զարգացման հեռանկարը։ Այցի օրակարգում ընդգրկված հիմնական խնդիրներից մեկն էլ, ըստ APA-ի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է։

Հունվարի 21-ին Եվրամիության պատվիրակը այցելել էր Հայաստան, որտեղ հանդիպել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Կողմերը քննարկել են ոչ միայն Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցերը, այլեւ հայ - թուրքական արձանագրությունների թեման։ Հայաստանի խորհրդարանի խոսնակը Սեմնեբիին ասել է, որ պաշտոնական Անկարան պետք է հետամուտ լինի արձանագրությունների վավերացմանն ու իրագործմանը` ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղված քայլերից։ Սեմնեբին էլ, իր հերթին, հարցազրույցում կարծիք է հայտնել, որ փաստաթղթերի վավերացումը բխում է թե' Հայաստանի եւ թե' Թուրքիայի շահերից։

Սեմնեբին իր երեւանյան վերջին այցի ընթացքում հանդիպել էր նաեւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Բաքվում էլ մինչեւ փետրվարի 25-ը շարունակվելիք այցի ընթացքում նա մտադիր է հանդիպել ոչ միայն պաշտոնատար անձանց, այլեւ ադրբեջանական քաղաքական կուսակցությունների առաջնորդների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG