Մատչելիության հղումներ

Ոստիկանության պնդմամբ, ՀԱԿ-ի ակտիվիստների երթը եղել է «չարտոնված»


Հայաստան -- Ընդդիմադիր երիտասարդների բողոքի երթը Երեւանում, 19-ը փետրվարի, 2010թ.
Հայաստան -- Ընդդիմադիր երիտասարդների բողոքի երթը Երեւանում, 19-ը փետրվարի, 2010թ.

Ուրբաթ օրը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների բողոքի երթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ երթը եղել է «չարտոնված», երթի մասնակիցները որոշ դեպքերում դուրս են եկել փողոցի երթեւեկելի մաս, խոչընդոտել երթեւեկությանը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները արձագանքել են ոստիկանության հաղորդագրությանը, այն որակելով՝ «անգրագետ»։ Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկայակոչելով օրենսդրությունը, հիմնավորեց, որ 100 հագուց պակաս մասնակիցներ ունեցող ոչ զանգվածային միջոցառումների անցկացումը լիազոր մարմինը չի արտոնում, իսկ ուրբաթ օրվա երթի մասնակիցների թիվը սկզբում չի գերազանցել 5 տասնյակը։

Երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ ոստիկանությունը նաեւ պարզաբանում է, որ 6 երիտասարդներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին՝ «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու համար»։ Նրանք ստորագրությամբ բաց են թողնվել. Կատարվում է հետաքննություն։ Ոստիկանության հաղորդագրության մեջ որեւէ հիշատակում չկա երթի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքների մասին։

Ուրբաթ օրվա երթը սկզբում Սայաթ Նովա - Աբովյան խաչմերուկում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շրջակայքում ուղեկցվել էր իրավապահների հետ ծեծկռտուքով։ Երիտասարդները հայտարարում են, որ ոստիկանները հայհոյանքներով հարձակվել են իրենց վրա, ու սկսել հարվածել, այնուհետեւ նրանցից 6-ին բերման են ենթարկել։ Բերման ենթարկվածների պնդմամբ, իրենց նկատմամբ ոստիկանական մեքենաներում բռնություններ են տեղի ունեցել։ Նրանցից 3-ը դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել։ Տիգրան Առաքելյանի եւ Սերգեյ Գասպարյանի մասով դատաբժշկի եզրակացությունը հայտնի կդառնա վաղը, իսկ Վահագն Գեւորգյանին ուղեգիր է տրվել վիրաբույժի մոտ հետազոտվելու համար։

Ընդդիմությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել բռնություն գործադրած ոստիկաններին։

Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս առիթով փոխանցեց հետեւյալը. - «Ունենք հետաքննության 10-օրյա ժամկետ։ Եթե այդ 10 օրվա ընթացքում պարզվի, որ այդտեղ հանցագործություն տեղի չի ունեցել, ապա քրեական գործի հարուցումը կմերժվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG