Մատչելիության հղումներ

Ոսկու շուկաներում առեւտուր անող անհատ ձեռներեցները բողոքում են հարկային բեռի ավելացման դեմ


Երեւանի ոսկու շուկաներում առեւտուր անող անհատ ձեռներեցները, ինչպես նաեւ Վանաձորի ոսկու շուկայի աշխատողները դիմում են հղել կառավարությանը՝ պահանջելով վերանայել հարկային ներկայիս օրենսդրությունը, հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) փոխարեն վերադառնալ հաստատագրված վճարների, դադարեցնել գույքագրումն ու հետաքննել հարկային տեսուչների կողմից իրականացվող օրինախախտումները։ Երկուշաբթի, չնայած հորդառատ անձրեւին, նրանք հավաքվել էին կառավարութան շենքի մոտ։

«Ներկայիս ճգնաժամի պայմաններում ամենատարբեր երկրներ իրենց աջակցությունն են հայտնել մանր եւ միջին բիզնեսին, իսկ մեր հարկային բառն այս տարվա ընթացքում ավելացել է 10 անգամ», - դիմումում հայտնում են անհատ ձեռներեցները։

«20 դոլար եկամուտ ստացա, 52 դոլար պետք է հանձնեմ պետությանը։ Որտեղի՞ց այդ 30 դոլարը գտնեմ, որ տամ հարկ», - դժգոհեց հավաքվածներից մեկը։

«Գույքագրում են։ Ստիպում են դու քո ապրանքի գինը որոշես, դրանից հետո եթե դու [սակարկեցիր], պակաս ծախեցիր՝ քո վզով է մնում, որովհետեւ դա գրանցած ունեն, դու ավել հարկը պետք է մուծես», - վերջին շրջանում հարկային մարմինների կողմից նախաձեռնվող գույքագրման շուրջ դժգոհեց մեկ ուրիշը։ Ոսկու առեւտրով զբաղվողները պնդում են, որ գույքագրումը իրենց թույլ չի տալիս նորմալ աշխատել՝ «շուկա է, պետք է սակարկես», ասում են նրանք։

Ոսկու շուկաներում աշխատողները նաեւ դժգոհում են հարկային տեսուչների պահվածքից, պնդում են, որ հարկայինը «անհիմն եւ անօրինական» տուգանքներ է կիրառում, պահանջում են կանոնակարգել ստուգումների գործընթացը։

Երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ոսկու շուկաներում տարվող առեւտրի խնդրին է անդրադարձել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։

«Մենք բոլորս պիտի սովորենք հարկեր վճարել, եւ բոլորս պետք է դառնանք պահանջատեր, որ բոլորը մեր երկրում վճարեն հարկերը։ Ճանապարհը դա է, եւ երկխոսությունը պետք է գնա այն ուղղությամբ, թե ինչպես անենք, որ անցումը անցավ լինի», - նշեց էկոնոմիկայի նախարարը։

Անհատ ձեռներեցները, սակայն, պնդում են, որ իրենք հարկերից չեն խուսափում, սակայն հարկերը պետք է համադրելի լինեն իրենց ստացած շահույթի հետ։ Նրանք նաեւ անժամկետ գործադուլ են հայտարարում, հրաժարվելով վճարել բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, մինչեւ իրենց բարձրացրած հարցերի լուծումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG