Մատչելիության հղումներ

logo-print
Գալիք ուրբաթ օրը երկու տասնյակ պաշտոնյաներ մասնակցելու են մի արարողության, որով չեխական Լիդիցե ավանը եւ ադրբեջանական Խոջալուն հռչակվելու են քույր քաղաքներ։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ակցիան նվիրված է Խոջալուի ողբերգության 15-րդ տարելիցին. այդ մասին գործակալությանը հայտնել է Ադրբեջանի սփյուռքի պետական կոմիտեն։

Պրահայում տեղակայված Չեխ - ադրբեջանական միության ակտիվիստ Էլշան Նազարովի փոխանցմամբ, համապատասխան փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի կունենա Լիդիցեի հուշահամալիրում։ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը միջոցառման համար տրամադրել է Խոջալուի իրադարձությունների մասին լուսանկարներ, որոնք ցուցադրվելու են Լիդիցեի թանգարանում։ Չեխ վերլուծաբան Հելենա Մասնիկովան կներկայացնի Ղարաբաղյան հակամարտության թեմայով զեկույց, ապա կցուցադրի վավերագրական ժապավեն Խոջալուի մասին։

APA գործակալության փոխանցմամբ` միջոցառմանը, որի կազմակերպիչների թվում Չեխիայում Ադրբեջանի դեսպանատունն է, ներկա կլինեն Չեխիայի մշակույթի նախարար Վացլավ Ռեյդբլաուխը, Չեխիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների պատգամավորներ, Չեխիայում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետներ, ինչպես հաղորդագրությունում է ասվում` «Խոջալուի վարչակազմի ներկայացուցիչներ», Չեխիայում բնակվող ադրբեջանական համայնքի ակտիվիստներ եւ այլոք։

APA-ն նշում է, թե Լիդիցեի քաղաքապետ Յոզեֆ Կլիման խոստացել է, որ քաղաքի փողոցներից մեկը կկրի Խոջալուի անունը:

Լիդիցեն 1942 թվականին իսպառ ավերվել է գերմանացի ֆաշիստների կողմից, ինչից հետո էլ ավանը դարձել է նացիստների դաժանության խորհրդանիշ։

Լիդիցեում նախատեսված միջոցառման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների արձագանքի մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG