Մատչելիության հղումներ

Ղարաբաղը Միլանում մասնակցել է BIT զբոսաշրջիկային միջազգային ցուցահանդեսին


Միլանում անցկացվող BIT զբոսաշրջիկային միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղը: Ղարաբաղյան պատվիրակությունը ղեկավարում էր Ղարաբաղի կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` անցած շաբաթավերջին բացված ցուցահանդեսում Թուրքիայի եւ Ռուսաստանի տաղավարների անմիջական հարեւանությամբ գտնվող «Ղարաբաղ» տաղավարը, ուր ներկայացված էին Ղարաբաղի պատմությունն ու մշակութային ժառանգությունը, արժանացել է կազմակերպիչների եւ այցելուների մեծ ուշադրությանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին 140 երկրներ, այն զբաղեցրել է շուրջ 57 հազար քառակուսի մետր ցուցադրական տարածք եւ 9 սրահ: Ըստ կազմակերպիչների, այցելուների թիվը այս տարի կկազմի մոտ 200 հազար մարդ:

Ցուցահանդեսին Ղարաբաղի մասնակցության մասին տեղեկատվությունը մեկնաբանելու` Day.az ինտերնետային պարբերականի խնդրանքին ի պատասխան, Ադրբեջանի արտգործնախարարությունից խոստացել են պարզել դրա հավաստիությունը:

«Տվյալ միջոցառումը արդեն տեղի է ունեցել, սակայն եթե դրանում տեղ է գտել չճանաչված Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը, ապա ադրբեջանական դիրքորոշումը կհասցվի միջոցառման կազմակերպիչներին», - հայտարարել է, մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլհան Պոլուխովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG