Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրապարակել է վարչապետության երեք թեկնածուների անունները` նախագահության նախկին թեկնածու, գործարար Սերգեյ Տիգիպկո, Գերագույն ռադայի նախկին խոսնակ, նախկին արտգործնախարար Արսենի Յացենյուկ եւ ֆինանսների նախկին նախարար Միկոլա Ազարով։ Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության անդամ Ազարովը համարվում է առավել հավանական թեկնածու։

«Կարծում եմ, մինչեւ շաբաթավերջ այս հարցը կլուծենք», - ասել է Յանուկովիչը, որի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 25-ին։

Ընտրությունների երկրորդ փուլում պարտված թեկնածուն` գործող վարչապետ Յուլիա Տիմոշենոկոն բողոքարկել է փետրվարի 7-ի քվեարկության արդյունքները, դիմել է Ուկրաինայի գերագույն վարչական դատարան, սակայն անցած շաբաթավերջին, պնդելով, թե Ուկրաինայի ներկայիս դատական համակարգը ի զորու չէ արդար ձեւով քննել երկրորդ փուլում բազում խախտումների հարցը, հայտարարել է. - «Ակնհայտ է, որ այս դատարանը մտադիր չէ ճշմարտությունը պարզել։ Նման իրավիճակում մենք անիմաստ ենք համարում խնդրի հետագա քննությունը եւ հետ ենք վերցնում հայցը»: «Վաղ թե ուշ ի հայտ կգա մի ազնիվ դատախազ, կունենանք ազնիվ դատարան, եւ նրանք կապացուցեն, որ Յանուկովիչը նախագահ չի ընտրվել, ժողովրդի կամքը ոտնահարվել է», - հավելել է «նարնջագույն հեղափոխության» երբեմնի լիդերը:

Ինքը Յանուկովիչը հայտարարել է, որ նոր կառավարությունը պարտավոր է նախեւառաջ կենտրոնանալ երկրի առջեւ ծառացած տնտեսական հիմնախնդիրների վրա եւ ապահովել նոր վարկեր Արժույթի միջազգային հիմնադրամից։

Նա ասել է, թե ակնկալում է, որ գործող վարչապետ Տիմոշենկոն կհեռանա։ «Ենթադրում եմ, որ նա հասկանում է, որ մենք համագործակցության հնարավորություն չունենք, նա պետք է գնա: Կա երկու տարբերակ` կա'մ նա հրաժարական է ներկայացնելու, կա'մ էլ անվստահության քվե է ստանալու խորհրդարանում», - հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը եւ ավելացրել.- «Ի վերջո, նշանակություն չունի, թե որ եղանակով, բայց դա շուտով կլինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG