Մատչելիության հղումներ

Օքթայ Ասադով. «Հայկական զորքերի դուրսբերումը գրավյալ տարածքներից կբարելավի իրավիճակը տարածաշրջանում»


«Հայաստանի զորքերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից գլխավոր գործոնն է, որ կարող է բարելավել լարված իրավիճակը տարածաշրջանում», - հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ` այդ հայտարարությունը Ասադովը արել է Իրան պաշտոնական այցի ընթացքում, որի շրջանակներում նա հանդիպել է նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ:

«Ադրբեջանը նվիրված է խաղաղ կարգավորմանը եւ շարունակում է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ», - Ասադովի խոսքերն է փոխանցում «ԱզերԹաջ» լրատվական գործակալությունը:

Բացի Ղարաբաղյան հիմնախնդրից, Ասադովը եւ Ահմադինեջադը քննարկել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցեր:

Իրանական մամուլի փոխանցմամբ` Ահմադինեջադը հայտարարել է, թե որեւէ գործոն չի կարող խոչընդոտել պաշտոնական Թեհրանի եւ Բաքվի միջեւ լավ հարաբերություններին:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, իր հերթին, փոխանցում է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Մոհամադ Ռեզա Բահոնարի` գործակալության հետ հարցազրույցում արած հետեւյալ հայտարարությունը. - «Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Միջազգային ասպարեզում Իրանը միշտ ջանքեր է գործադրել եւ գործադրելու է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ»:

«Իրանը տարբերություն չի տեսնում սեփական շահերի եւ Ադրբեջանի շահերի միջեւ: Մենք բոլոր ուժերով պաշտպանելու ենք Ադրբեջանի շահերը միջազգային ասպարեզում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցում», - ադրբեջանական գործակալության հավաստմամբ` ասել է Իրանի խորհրդարանի փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG