Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքական ֆիլմը` Բեռլինի կինոփառատոնի հաղթող


Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակը

Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակը

46 տարվա ընդմիջումից հետո թուրքական կինոնկարը կրկին Բեռլինի փառատոնի հաղթող է ճանաչվում: Շաբաթ երեկոյան Բեռլինի 60-րդ կինոփառատոնի ժյուրին հրապարակեց հաղթողների անունները. «Ոսկե արջ» մրցանակին արժանացավ Սեմիհ Քափլանօղլուի «Մեղրը» ֆիլմը:

Այս կինոնկարը Թուրքիայի սեւծովյան տարածաշրջանի գյուղերից մեկում ապրող վեցամյա տղայի մասին է, որը հոր մահվանից հետո դադարում է խոսել:

Ստանալով մրցանակը` Սեմիհ Քափլանօղլուն հույս հայտնեց, որ իր նկարահանած ֆիլմի հաջողությունը նոր խթան կհանդիսանա թուրքական կինոյի զարգացման համար:

60-րդ Բեռլինալեի իրական հերոսը, սակայն, դարձավ Ռոման Պոլանսկին, ով արժանացավ «Արծաթե արջ» մրցանակին` լավագույն ռեժիսուրայի համար: Փառատոնին Պոլանսկին ներկայացրել էր «Անանուն հեղինակը» ֆիլմը:

Կինոնկարի գլխավոր հերոսը բրիտանացի մի արձակագիր է, որին պատվիրում են գրական մշակման ենթարկել երկրի նախկին վարչապետի հուշերը:

Պոլանսկու փոխարեն մրցանակը ստացավ նրա պրոդյուսերը` Ալան Սարդեն: Պոլանսկին Բեռլինում չէր, նա շարունակում է մնալ Շվեյցարիայում` տնային կալանքի տակ: Պատճառը ամերիկյան իշխանությունների պահանջն է` արտաքսել Պոլանսկուն Միացյալ Նահանգներ` 70-ականներին կատարած հանցագործության համար:

«Ես համոզված եմ, որ Ռոմանը շատ կուրախանա: Մի քանի ժամ առաջ հեռախոսով զրուցում էի նրա հետ եւ ափսոսանք հայտնեցի, որ նա անձամբ չի կարող ստանալ այս մրցանակը: Սրան ի պատասխան` Պոլանսկին ինձ ասաց. - «Եթե նույնիսկ կարողանայի, ես Բեռլին չէի մեկնի: Վերջին անգամ երբ ես փորձեցի հատել սահմանը, փառատոնի փոխարեն բանտում հայտնվեցի», - Պոլանսկու խոսքերը փոխանցեց նրա պրոդյուսերը:

Բեռլինի փառատոնի մրցութային ծրագրում ներկայացված միակ ռուսական ֆիլմը` Ալեքսեյ Պոպոգրեբսկու «Ինչպես ես անցկացրեցի անցած ամառը» կինոնկարը միանգամից երեք «Արծաթե արջ» մրցանակ ստացավ: Լավագույն դերասանական աշխատանքի համար մրցանակը հանձնվեց ֆիլմի գլխավոր դերակատարներ Սերգեյ Պուսկեպալիսին եւ երիտասարդ դերասան Գրիգորի Դոբրիգինին:

Ֆիլմի օպերատոր Պավել Կոստոմարովին փառատոնի ժյուրին որոշեց միանգամից երկու մրցանակ հանձնել` համաշխարհային կինոարվեստում ունեցած ներդրման, ինչպես նաեւ լավագույն օպերատորական աշխատանքի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG