Մատչելիության հղումներ

Բերման ենթարկվելիս ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները վնասվածքներ են ստացել


Ընդդիմադիր երիտասարդների բողոքի ենթը Երեւանում, 19-ը փետրվարի 2010 թ.
Ընդդիմադիր երիտասարդների բողոքի ենթը Երեւանում, 19-ը փետրվարի 2010 թ.

Ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդ ակտիվիստների բողոքի երթի ժամանակ ոստիկանության բաժին բերման ենթարկված վեց երիտասարդներից չորսը մարմնական վնասվածքներ են ստացել:

Երիտասարդները դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել շաբաթ օրը:

«Ուղեգրեր են տվել հիվանդանոց գնալու: Այնտեղ ավելի մանրամասն կպարզեն վնասվածքների բնույթը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց բերման ենթարկված երիտասարդներից Վահագն Գեւորգյանը:

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները բողոքի երթը կազմակերպել էին 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների երկրորդ տարելիցի կապակցությամբ: Անցնելով Երեւանի կենտրոնական փողոցներով՝ նրանք բողոքի ցույց էին անցկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Այստեղից էլ ոստիկանները վեց երիտասարդների տարել էին ոստիկանության Կենտրոնի բաժին եւ ազատ էին արձակել միայն որոշ ժամանակ պահելուց ու բարձրախոսները առգրավելուց հետո:
18- ամյա Վահագն Գեւորգյանը որոշ մանրամասներ փոխանցեց. - «Մենք չէինք դիմադրում, մենք հանգիստ գալիս էին: Անձամբ ես ասացի, որ ինձ քաշելու կարիք չկա, ես ինքս կգամ, բայց դրանից հետո էլ իրենք շարունակեցին ծեծելով, քաշքշելով նստեցնել մեզ մեքենան»:

Ոստիկանության Կենտրոնի բաժնում տղաները պարտավորագիր են գրել, որ շաբաթ օրը կներկայանան բաժին՝ գործի հանգամանքները պարզելու: Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը խոստացել է ապացույցների առկայության դեպքում պատժել երիտասարդներին մարմնական վնասվածքներ հասցրած ոստիկաններին:

Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսը:

«Արտաքին քաղաքական ձախողումների ծանրացող բեռի տակ, ներսում սոցիալական ընդվզման բարձրացող ալիքից տագնապած, վարչախումբը կորցրել է ինքնատիրապետումը եւ դիմում է հոգեվարք ենթադրող ոչ ադեկվատ քայլերի: Նման մեղք գործողություններով նա փորձում է ահաբեկչական մթնոլորտ ստեղծել՝ հնարավորինս նվազեցնելու համար մարտի 1-ին նշանակված համահանրապետական հանրահավաքի մասնակիցների թիվը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG