Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքացին կարող է ընտրվել Պոլսո Հայոց համապատրիարք


Պոլսո համապատրիարքի թեկնածու, Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան
Պոլսո համապատրիարքի թեկնածու, Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան

«Պոլսո պատրիարքարանը չպետք է խառնվի քաղաքականությանը», - թուրքական «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում ասել է Պոլսո համապատրիարքի ամենահավանական թեկնածուներից մեկը` Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը։

Համապատրիարքի ընտրության նախնական ժամկետը մայիսի 12 է։ Այժմ Պատրիարքարանում սպասում են թուրքական իշխանությունների պաշտոնական պատասխանին, որից հետո հնարավոր կլինի ընտրությունների կազմակերպումը։

Սեպուհ Չուլջյանի առաջադրման մասին սկսեցին խոսել մի քանի ամիս առաջ։ Այս շաբաթ ժամանելով Թուրքիա՝ Չուլջյանը ելույթ է ունեցել Ստամբուլի ամենահին հայկական եկեղեցիներից մեկում` Կոջա-Մուստաֆա թաղամասի Սուրբ Գեւորգ եկեղեցում` հայտարարելով, որ իր ղեկավարության ներքո Պատրիարքարանը քաղաքականությանը չի խառնվելու։

«Մենք այլեւս նման սխալներ կատարելու իրավունք չունենք», - ասել է Սեպուհ եպիսկոպոսը։

«Հյուրիեթ»-ին տված հարցազրույցում Չուլջյանը գործող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը կապել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետ: 53-ամյա Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։

«Դինքի սպանությանը հաջորդած շրջանում Մութաֆյանն այնքան սպառնալիք է ստացել, որ դա չէր կարող չազդել նրա առողջության վրա», - նշել է Սեպուհ Չուլջյանը։

Խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին` Չուլջյանն ասում է. - «Արեւմուտքը օգտագործեց մեզ` Անատոլիայում իր նպատակներին հասնելու համար։ Հայերը դարձան Արեւմուտքի եսակենտրոն քաղաքականության զոհը: Գերմանացիները գերադասում են լռել, թեեւ նրանք պատասխանատվության մեծ բաժին ունեն այն ամենում, ինչ կատարվեց 1915 թվականին»։

Չուլջյանը նաեւ պնդել է, թե կտրականապես դեմ է հայ-թուրքական բանակցություններում որեւէ տեսակի միջնորդական առաքելությունների. - «Երկու ժողովուրդներից լավ որեւէ մեկը մեզ չի ճանաչում, այնպես որ արեւմուտքի պետություններին կոչ կանեի աղ չցանել մեր վերքերին»:

Խոսելով երկկողմ հարաբերությունների հեռանկարների մասին՝ բարձրաստիճան հոգեւորականը նշել է`- «Մենք պետք է ուշադիր նայենք միմյանց աչքերին եւ փորձենք խոսել երկու ազգերին հուզող ցավոտ խնդիրներից»։

Սեպուհ Չուլջյանը ծնվել է Մալաթիա քաղաքում, 10 տարեկանում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հայաստան։ Թուրքական թերթին տված հարցազրույցում Սեպուհ եպիսկոպոսը ասել է, որ համապատրիարք ընտրվելու դեպքում պատրաստ է Թուրքիայի քաղաքացիություն ընդունել` չհրաժարվելով նաեւ իր հայաստանյան անձնագրից։

Հարցազրույցի հեղինակը՝ «Հյուրիեթ»-ի հայազգի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում Սեպուհ Չուլջյանի ընտրվելու շասներն աճել են. - «Մի քանի ամիս առաջ թվում էր, որ [տեղապահ] Արա Աթեշյանն ավելի հզոր դիրքեր ունի։ Վերջին շրջանում, սակայն, Սեպուհ սրբազանի կողմնակիցների թիվը ստամբուլահայերի շրջանում զգալիորեն մեծացել է»։

Զիֆլիօղլուի խոսքով, Չուլջյանի թեկնածությանը բավական դրական են տրամադրված նաեւ թուրքական իշխանությունները. - «Որպես Թուրքիայի քաղաքացի, որպես լրագրող, ինձ թվում է, որ Սեպուհ սրբազանը կարող է յուրատեսակ խորհրդանիշ դառնալ։ Նա Թուրքիայի ծնունդ է, շատ դրական է տրամադրված հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ, ուստի ինձ թվում է, որ Թուրքիայի կառավարությունն առանց խոչընդոտներ հարուցելու պետք է ընդունի Չուլջյանի թեկնածությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG