Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր երիտասարդների երթի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանների հետ


Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդ ակտիվիստները 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների երկրորդ տարելիցի կապակցությամբ բողոքի երթ էին կազմակերպել Երեւանում։

«Լրացել է 2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական կեղծված ընտրությունների 2 տարին», - վանկարկում էին երթի մասնակիցներն ու պահանջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ողջ աշխատակազմի հրաժարականը։

Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկում հրմշտոց եւ ծեծկռտուք տեղի ունեցավ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։ Երբ ոստիկանները սկսեցին հրելով մարդկանց դուրս բերել փողոցից, երիտասարդները խաչմերուկի կենտրոնում նստեցին գետնին՝ հրաժարվելով հեռանալ։ Ծեծկռտուքի ժամանակ տուժած ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ Սարգիս Խաչատրյանը տեղափոխվեց հիվանդանոց։

Ականատեսների վկայությամբ, ոստիկանները իրենց մեքենայով տարել են ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ Վահագն Գեւորգյանին, ով, սակայն, մոտ կես ժամ անց վերադարձավ եւ միացավ ցուցարարներին։ Գեւորգյանի խոսքով, ոստիկանների մեքենան շարժվել է անհայտ ուղղությամբ։ Երիտասարդը պահանջել է տանել ոստիկանության բաժանմունք, սակայն ոստիկանները հրաժարվել են կատարել պահանջը եւ նրան վերադարձրել են հետ՝ Աբովյան փողոց։

Ավելի ուշ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երբ երթի մասնակիցները վերադառնալիս են եղել ՀԱԿ-ի գրասենյակ, պարեկապահակային ծառայության ներկայացուցիչները ոստիկանության մեքենայով անհայտ ուղղությամբ են տարել ընդդիմադիր ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Վահագն Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Սերգեյ Գասպարյանին եւ եւս երկու ակտիվիստների։
XS
SM
MD
LG