Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Յուլիա Տիմոշենկոյի հայցը


Յուլիա Տիմոշենկոն ելույթ է ունենում դատարանում, 19-ը փետրվարի, 2010
Յուլիա Տիմոշենկոն ելույթ է ունենում դատարանում, 19-ը փետրվարի, 2010

Ուրբաթ օրը Ուկրաինայի գերագույն վարչական դատարանը սկսել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտված թեկնածու Յուլիա Տիմոշենկոյի հայցի քննությունը։

Փետրվարի 7-ին տեղի ունեցած երկրորդ փուլում 3.5 տոկոսի առավելությամբ հաղթել է Վիկտոր Յանուկովիչը։ «Նարնջագույն հեղափոխության» երբեմնի առաջնորդներից գործող վարչապետ Տիմոշենկոն համառորեն շարունակում է չճանաչել երկրորդ փուլի արդյունքները։ Նա դիմել է դատարան` պնդելով, որ Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության ակտիվիստները Ուկրաինայի գրեթե բոլոր մարզերում հարյուր հազարավոր քվեներ են կեղծել։

Ուկրաինայի գերագույն վարչական դատարանի կարգադրությամբ, երկրորդ փուլի արդյունքները առկախվել են։

Հաղթող ճանաչված Վիկտոր Յանուկովիչը ուրբաթ օրը խորհրդարանի քվեարկությամբ ազատվել է Ռեգիոնների կուսակցության փոխնախագահի պաշտոնից, քանի որ միայն դրանից հետո կարող է տեղի ունենալ երդմնակալությունը։ Խորհրդարանը արդեն որոշել է պաշտոնամուտի օրը` Յանուկովիչը փետրվարի 25-ին է ստանձնելու երկրի ղեկավարի լիազորությունները։

«Ես այսօր պայքարում եմ օրենքի գերակայության համար, իմ տեսակետն եմ ներկայացնում։ Երկրի համար այս ճակատագրական պահին օրենքի եղանակով պայքարը հենց ժողովրդավարություն է», - առավոտյան ասել է Տիմոշենկոն։

Իսկ չորեքշաբթի օրը նա հայտարարել էր, թե իր պայքարը պետությունը հակաուկրաինական ուժերից պաշտպանելու պայքար է, «ուժեր, որոնք ցանկանում են արմատախիլ անել ժողովրդավարության ծիլերը երկրում»։

Տիմոշենկոյի նպատակն է խափանել ընտրյալ նախագահ Յանուկովիչի պաշտոնամուտը ու հնարավոր դարձնել նախագահական ընտրությունների երրորդ փուլը։ Քաղաքագետների մեծ մասի համոզմամբ` գործող վարչապետն այդ նպատակին չի հասնի։

Յանուկովիչի բազմաթիվ աջակիցներ հավաքվել են դատարանի շենքի մոտ: Նրանք համոզված են, որ վճիռն իրենց օգտին կլինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG