Մատչելիության հղումներ

Սարիբեկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել


«Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյան
«Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյան

Ուրբաթ օրը «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով հանցագործություն կատարելու համար, այն է՝ անձին ապօրինի ազատությունից զրկելը։

Անցած շաբաթ Սարիբեկ Սուքիասյանը ձերբակալվել էր։ Գործարարը կասկածվում էր Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով՝ սպանության սպառնալիք։ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, փետրվարի 12-ին ոստիկանության է դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը եւ հայտնել, որ «Սիլ գրուպի» գրասենյակում իրեն սպառնացել են ու պարտադրել ստորագրել «Բյուրեղ» ՓԲԸ-ի բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր, որից հետո Սարիբեկ Սուքիասյանը բերման էր ենթարկվել։ Այնուհետեւ, ավելի քան 72 ժամ կալանավայրում անցկացնելուց հետո, գործարարն ազատ էր արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Մեկնաբանելով Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ այլ հոդվածով մեղադրանքի հարուցումը` վերջինիս փաստաբան Երվանդ Վարոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեղադրանքը «ծիծաղելի» գնահատեց. - «Անհեթեթ, որեւէ բանով չհիմնավորված մեղադրանք է։ Եվս մեկ անգամ հիմնավորվում է, որ իրավական գործընթացի հետ չէ, որ մենք գործ ունենք։ Սրա տակ քողարկված են բոլորովին այլ նպատակներ։ Մասնավորապես, ուղղակիորեն սա կապված է «Սիլ» հանքային ջրի արտադրության հետ, եւ կան ուժեր, որոնք ուզում են, որ «Սիլ» հանքային ջուրը չարտադրվի»։

Մեղադրանքի հարուցման հետ կապված` Սարիբեկ Սուքիասյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասված է. - «Դրա նպատակը մեզանից մեր նոր գործարանը խլելն է եւ մեր բարի համբավը վնասելը։ Քաղաքական դրդապատճառները բոլորին հայտնի են։ Հուսով եմ, չի գա այն ժամանակը, որ մենք ստիպված լինենք հրապարակելու մեր ունեցվածքը խլելու ցանկություն ունեցող բանդայի բոլոր անդամների անուննները»։

Ավելի վաղ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, գործարարը համոզմունք էր հայտնել, որ իրենց ընտանիքի դեմ ուժային կառույցների ձեռնարկած քայլերը պայմանավորված են Սուքիասյանների ընդդիմադիր քաղաքական կողմնորոշմամբ, որն էլ իր հերթին հանգեցնում է տնտեսական հետեւանքների։ Սարիբեկ Սուքիասյանը կարծիք էր հայտնել, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանը իրենցից «խլելուց» հետո, այժմ էլ իշխանությունների նպատակն է խլել «Բյուրեղ» շշալցվող ջրերի գործարանը, որտեղ, մասնավորապես, արտադրվում է «Սիլ» շշալցված ջուրը։

Այն բանից հետո, երբ «Բջնի» ընկերությունը հրաժարվեց վճարել 2007 թվականից կատարված ստուգումների արդյունքում ընկերության նկատմամբ սահմանված շուրջ 5.2 միլիարդ դրամի տուգանքը, ընկերության նկատմամբ սնանկության գործընթաց սկսվեց եւ «Բջնի» գործարանը աճուրդով վաճառվեց գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։

Սարիբեկ Սուքիասյանը իր դեմ քրեական գործի հարուցումը կապում է իր եւ եղբոր՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ մեղադրվող Խաչատուր Սուքիասյանի ընդդիմադիր քաղաքական կողմնորոշման հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG