Մատչելիության հղումներ

Լրացավ նախագահական ընտրությունների 2 տարին


Հայաստան – Ընդդիմադիր ցուցարարները բողոքում են փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, Երեւան, 22-ը փետրվարի, 2008թ.
Հայաստան – Ընդդիմադիր ցուցարարները բողոքում են փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, Երեւան, 22-ը փետրվարի, 2008թ.
Անցած երկու տարիներին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր ձեռքբերումը, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, երկրում համերաշխության մթնոլորտի ձեւավորումն է:

«Կարծում եմ, այս երկու տարվա ընթացքում ոչ ամբողջությամբ, բայց, այնուամենայնիվ, իշխող կուսակցության եւ հանրապետության նախագահին, առաջին հերթին, հաջողվեց երկրում ստեղծել համերաշխության մթնոլորտ, որպեսզի քաղաքականության մեջ գնա ոչ թե անձերի ոչնչացում, այլ լինի քաղաքակիրթ, նորմալ կարծիքների բախում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Շարմազանովը: - «Դրա վառ ապացույցն են Հանրային խորհրդի ստեղծումը եւ համաներումը, որոնք դրական ազդեցություն ունեցան քաղաքական եւ ընդհանրապես հասարակական մթնոլորտի վրա»:

2008 թվականի նախագահական ընտրություններում հիմնական ընդդիմադիր թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը այլ կարծիքով, սակայն փետրվարի 19-ը «ջրբաժան» եղավ, որից հետո «հասարակության մի մեծ մաս, չհաշտվելով տեղի ունեցող օրինախախտումների եւ ահաբեկումների հետ, կանգնեց ի նշան բողոքի»։

Ընդդիմության ներկայացուցչի գնահատմամբ, 2008 թվականի փետրվարի 19-ը հանգեցրեց Հայաստանի միջազգային վարկի «էլ ավելի անկմանը». - «Քանի որ իշխանությունը ուներ մեկ նպատակ՝ ամեն գնով պահպանել իշխանությունը, պետք է փորձեր մարտիմեկյան սպանդից հետո իր արժեքը բարձրացնել զանազան զիջումների գնով։ Դա եղավ Հայոց ցեղասպանության ուրացումը, ղարաբաղյան խնդրում էլ ավելի ապիկար, անհեռանկար քաղաքականության վարումը, տնտեսության մեջ՝ լիակատար ձախողումը»։

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տրամագծորեն հակառակ կարծիք ունի։

«Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների հետ կապված եւ միջազգային հարաբերությունների հետ կապված, համոզված եմ` Հայաստանի վարկանիշը նախագահ Սարգսյանի նախաձեռնող քաղաքականության արդյունքում բավականին աճել է, եւ Հայաստանը տարածաշրջանում լիդերի դերի է հավակնում, ավելին` Հայաստանի Հանրապետությանը եւ հենց Հայաստանի Հանրապետության նախագահին ավելի լուրջ են սկսել վերաբերվել», - ասաց իշխող կուսակցության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG