Մատչելիության հղումներ

Իրանը իր տեսակետն ունի ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմի վերաբերյալ


Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղիղիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղիղիան

«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղի հետ ունի ընդհանուր սահման, ուստի մենք, վստահաբար, մեր նկատառումներն ու տեսակետն ունենք ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմի վերաբերյալ», - ուրբաթ օրը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղիղիանը։

Դեսպանը չհստակեցրեց, թե խաղաղապահ ուժերում հատկապես որ երկրի մասնակցությունն է Իրանի համար անընդունելի։ Նա նաեւ չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի Ղարաբաղի հետ ընդհանուր սահման ասելով, քանի որ, ինչպես հայտնի է, Իրանը սահմանակցում է ոչ թե բուն Լեռնային Ղարաբաղի տարածքին, այլ ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող Ջեբրայիլի, Ֆիզուլու եւ Զանգելանի շրջաններին։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս ընթացքին, դեսպանը նշեց, թե Իրանը կարեւորում է տարածաշրջանում առկա լարվածության բոլոր օջախներում իրավիճակի մեղմացումն ու խնդիրների կարգավորումը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից։ Իրանցի դիվանագետի խոսքերով, Իրանը դեռեւս ղարաբաղյան հակամարտության սկզբից է ջանքեր ներդրել խաղաղություն հաստատելու համար։

«Ղարաբաղյան պատերազմում առաջին երկու հրադադարները հաստատվել են նաեւ Իրանի շնորհիվ, երբ մեր երկրի նախագահն էր Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, իսկ Հայաստանի նախագահն էր Լեւոն Տեր-Պետրոսյանը», - ասաց դեսպան Սաղիղիանը։

Դեսպանը նշեց նաեւ, որ Իրանը ողջունում է այս խնդրի կարգավորմանը միտված ցանկացած միջազգային նախաձեռնություն, այդ թվում` Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցային գործընթացը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Թեհրանն ամբողջությամբ կողմ է երկու երկրների միջեւ սահմանի բացմանը։

Անդրադառնալով իրանում տեղի ունեցած հետընտրական զարգացումներին՝ դեսպան Սաղիղիանը դրանք որակեց իբրեւ Արեւմուտքի, մասնավորապես, Միացյալ Նահագների եւ Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված սադրանքի հետեւանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG