Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրություններից անցած երկու տարիները` ըստ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների


Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հետընտրական հանրահավաքում, Երեւան, Հանրապետության հրապարակ, 26-ը փետրվարի, 2008թ.
Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հետընտրական հանրահավաքում, Երեւան, Հանրապետության հրապարակ, 26-ը փետրվարի, 2008թ.

2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից անցած երկու տարիների ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր ձեռքբերումը, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, երկրում համերաշխության մթնոլորտի ձեւավորումն է:

«Կարծում եմ, այս երկու տարվա ընթացքում ոչ ամբողջությամբ, բայց, այնուամենայնիվ, իշխող կուսակցության եւ հանրապետության նախագահին, առաջին հերթին, հաջողվեց երկրում ստեղծել համերաշխության մթնոլորտ, որպեսզի քաղաքականության մեջ գնա ոչ թե անձերի ոչնչացում, այլ լինի քաղաքակիրթ, նորմալ կարծիքների բախում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Շարմազանովը: - «Դրա վառ ապացույցն են Հանրային խորհրդի ստեղծումը եւ համաներումը, որոնք դրական ազդեցություն ունեցան քաղաքական եւ ընդհանրապես հասարակական մթնոլորտի վրա»:

«Իսկ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների հետ կապված եւ միջազգային հարաբերությունների հետ կապված, համոզված եմ` Հայաստանի վարկանիշը նախագահ Սարգսյանի նախաձեռնող քաղաքականության արդյունքում բավականին աճել է, եւ Հայաստանը տարածաշրջանում լիդերի է հավակնում, ավելին` Հայաստանի Հանրապետությանը եւ հենց Հայաստանի Հանրապետության նախագահին ավելի լուրջ են սկսել վերաբերվել», - ասաց իշխող կուսակցության խոսնակը:

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ` Հայաստանի իշխանությունները այս երկու տարիների ընթացքում որեւէ ձեռքբերում չեն ունեցել:

«Այս երկու տարիները կանվանեի ամենատարբեր հնարքներով, այսպես կոչված նախաձեռնություններով ուղղակի օրեր մթնացնելու տարիներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաֆարյանը` մանրամասնելով. - «Որովհետեւ այդ երկու տարիների ընթացքում չկարողացան հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը, որը ակունքներում ուներ նախագահական կեղծված ընտրությունները, երկրորդ ճգնաժամը չկարողացան հաղթահարել` դա գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներն էին Հայաստանի համար, եւ տակավին անհայտ է, թե երբ է Հայաստանը դուրս գալու այդ ճգնաժամի ճիրաններից, եւ երրորդ ճգնաժամը համազգային ճգնաժամն էր արկածախնդիր արտաքին քաղաքականության արդյունքում, որը դրսեւորվեց հայ - թուրքական արձանագրությունների ստորագրմամբ, Հայաստան - Սփյուռք հարաբերությունների պառակտմամբ եւ վերջապես` Ղարաբաղյան խնդրում ուղղակի վտանգավոր հանգրվանի հասնելով»:

«Ձեռքբերումը նա է, երբ դրվում է նպատակ, եւ հասնում են այդ նպատակին: Առայժմ մենք տեսնում ենք, որ այլ պետություններ նպատակներ են դնում, եւ Հայաստանը հլու-հնազանդ ենթարկվում է այդ նպատակներին», - ամփոփեց ընդդիմադիր խորհրդարանականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG