Մատչելիության հղումներ

Աբխազիան քննարկում է Ռուսաստանի հետ միություն կազմելու հարցը


Սերգեյ Բաղապշ եւ Դմիտրի Մեդվեդեւ, Մոսկվա, 17-ը փետրվարի, 2010թ.
Սերգեյ Բաղապշ եւ Դմիտրի Մեդվեդեւ, Մոսկվա, 17-ը փետրվարի, 2010թ.

«Մենք անկախ պետություն ենք, մենք դրանից չենք կարող փախչել, սակայն մենք քննարկում ենք նաեւ Ռուսաստանի հետ մեկ պետության շրջանակներում միություն կազմելու, միասնական մաքսային գոտում ընդգրկվելու հարցերը, այդ բոլոր տարբերակները մենք քննարկում ենք», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է հինգշաբթի օրը Ռուսաստան իր այցն ավարտած Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բաղապշը:

Բաղապշը Մոսկվայում էր Աբխազիայի դե ֆակտո նախագահ վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցի շրջանակներում: Մոսկովյան հանդիպումների գլխավոր թեման, որը հարուցեց Վրաստանի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի դժգոհությունը, Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ ստորագրված` Աբխազիայի տարածքում «Միավորված ռուսաստանյան ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ» երկկողմ համաձայնագիրն էր:

Աբխազիայի առաջնորդը եւս մեկ անգամ շեշտել է, թե ռուսական ներկայությունը աբխազներին անհրաժեշտ էր «վրացիների հետ պատերազմից հետո` 90-ականների սկզբին կորցրած անվտանգության զգացողությունը վերագտնելու համար»:

«Աբխազիային ռուսական ռազմաբազան անհրաժեշտ է նրա համար, ինչի համար ՆԱՏՕ-ին այն անհրաժեշտ է Կոսովոյում: Ինչի՞ համար են եվրոպական երկրները ՆԱՏՕ-ի անդամ դառնում` որպեսզի հանգիստ ապրեն, իրենց անվտանգությունն ապահովեն», - ընդգծել է Բաղապշը եւ հավելել. - «Մենք վերջին շրջանում շատ ենք պատերազմել եւ հիմա ցանկանում ենք մեր ընկերների հետ հանգիստ եւ կայուն կյանք ունենալ»:

Ռուսաստանը Աբխազիայի եւ Վրաստանից անջատված մեկ այլ ինքնահռչակ պետության` Հարավային Օսիայի անկախությունը ճանաչեց 2008 թվականի ռուս - վրացական կարճատեւ պատերազմից հետո: Ռուսաստանի այս օրինակին հետեւեցին միայն Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրու կղզու Միկրոնեզյան Հանրապետությունը:

Այս պահին Աբխազիայի բնակիչների մեծ մասը ռուսական անձնագրեր ունեն, իսկ տարածքում պաշտոնապես ընդունված տարադրամը ռուսական ռուբլին է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սերգեյ Բաղապշը հայտարարել է, որ եվրոպական կառույցներն այժմ իրենց որեւէ օգնություն չեն տրամադրում, օգնություն Ռուսաստանն է տրամադրում: Նրա խոսքերով` այդ գումարը «մսխելու» համար չէ, այլ հասցեական է` ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով:

Բաղապշը Մոսկվայում հայտարարել է նաեւ աբխազական երկաթուղու կառավարումը «Ռուսական երկաթուղիներ»-ին հանձնելու իրենց ծրագրերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG