Մատչելիության հղումներ

Փետրվարի 19-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, վերլուծելով երկրի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը, գրում է. - «Հայաստանում, եթե հավատանք մեր պաշտոնատար անձանց, ճգնաժամը ավարտվել է, եւ մենք մտել ենք տնտեսության վերականգնման, այսինքն, կարելի է ասել կրկին մտել ենք զարգացման փուլ: Թե ինչ է նշանակում տնտեսության զարգացում ըստ մեր պաշտոնյաների, մնում է անհասկանալի»:

Մի քանի շաբաթ է, ինչ շրջանառության մեջ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շվեդ պատգամավոր Գորան Լինդբլադի գլխավորած խմբի նախագիծը, որը քննադատում է Երեւանի կենտրոնում մարտյան իրադարձությունների ժամանակ բանակի գործողությունները: «Հայոց Աշխարհ»-ը ներկայացնում է այդ փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի «Մեդիամաքս» գործակալությանը տված մեկնաբանությունը. - «Պաշտպանության նախարարի գործողությունները պետք է դիտարկել Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության այն իրական սպառնալիքների համատեքստում, որոնք առկա էին 2008 թվականի հունվար-մարտ ամիսներին։ Ադրբեջանի ագրեսիվ ելույթներն ու զինված ուժերի շփան գծի օպերատիվ իրավիճակը խոսում էին Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակից Ադրբեջանի օգտվելու պատրաստակամության մասին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման նպատակով»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը անդրադառնում է Հայ ազգային կոնգրեսի առաջիկա հանրահավաքին. - «Ո՞րն է լինելու դրա հիմնական նպատակը: Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ հանրահավաքը կոնկրետ նպատակ չի ունենալու: Իշխանություններն իրենց առջեւ խնդիր են դրել ցույց տալ, որ ժողովուրդը մեռած է, որեւէ դիմադրություն այլեւս չկա, եւ իրենք ինչ ուզեն՝ կանեն: Կոնգրեսն էլ, բնականաբար, իր առջեւ խնդիր է դրել ցույց տալ, որ դա այդպես չէ, որ Հայաստանում դեռ կա ժողովուրդ, եւ այդ ժողովուրդը պատրաստ է պայքարել իր իրավունքների համար: Այսինքն՝ բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե ինչ ելույթներ կհնչեն մարտի 1-ի հանրահավաքում, կամ գործողությունների ինչ ծրագիր կառաջարկվի»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին գնահատականների եւ դատողությունների պակաս, կարծես թե, չկա: Այդ շարքում բավականին զգալի տեղ են գրավում տեսակետներն այն մասին, որ Հայաստանում ընդդիմության հաջողության, այսինքն՝ իշխանության ընտրակեղծարարության դեմն առնելու ունակ հասարակական շարժում ձեւավորելու համար պետք է ձեւավորել գաղափարական ընդդիմություն: Առաջին հայացքից դա բավական ռացիոնալ եւ նույնքան, իսկ գուցե ավելի գեղեցիկ ձեւակերպում է, որը մերժելը գործնականում անհնար է: Երբ փորձում ենք անգամ մի թեթեւ հայացք նետել իրականությանը, ապա տեսնում ենք, որ գաղափարի բացակայության խնդիրը չէ, որ հասարակությանն այսօր հուզում է: Անկախության տարիներից ի վեր Հայաստանի հասարակությունը լսել, տեսել ու թերեւս հասկացել է մի պարզ բան, որ գաղափարները ոչինչ են, եթե չեն գտնվում համապատասխան անձանց ձեռքում: Դրա վկայությունը Հայաստանում գրեթե բոլոր տեսակի գաղափարների վարկաբեկումն է: Դրանից բացի, հասարակությանը այսօր հուզում է մի խնդիր՝ Հայաստանում օրինականության եւ իրավականության խնդիրը: Դրանից ավելի էլ ինչ գաղափարի մասին է խոսքը: Հետեւաբար, հասարակությունն ունակ է համախմբվելու եւ գնալու այն ուժի հետեւից, որը կմատուցի այդ խնդիրը լուծելու գործնական առաջարկների փաթեթ: Ընդ որում՝ շատերի մոտ այդ փաթեթը նույնացվում է հեղափոխական ծրագրի հետ»:

«Առավոտ»-ի խբագիրը գրում է. - «Անկախ Հայաստանում նույնպես կա «աշխարհի վերջի» գաղափարը, այսպես ասած՝ մեկ, առանձին վերցրած երկրում: Դա, անշուշտ, «Ղարաբաղի հանձնումն» է: Տեղական «էստախոլոգիան» (աշխարհի վերջի մասին ուսմունքը) կարող է ունենալ «քաղաքագիտական» տեսք՝ «մեր ունեցած հավաստի տեղեկություններով, մոտակա շաբաթների ընթացքում ուժեղանալու է ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա, որի արդյունքում հայկական կողմը կգնա միակողմանի զիջումների: Այդ «մոտակա շաբաթները» արդեն 20 տարի են տեւում: Նույն ուսմունքը արտահայտվում է նաեւ կենցաղային բամբասանքներում՝ «էն օրը թերթում կարդացել եմ՝ Սերժը (Լեւոնը, Քոչարյանը) արդեն հրաման ա տվել զորքերը հետ քաշելու»: Այդ անհեթեթ խոսակցությունները վնասակար են այնքանով, որքանով իրենց մեջ ենթադրություն են պարունակում, որ դա ընհանրապես հնարավոր է: Իսկ ընդհանրապես մոտալուտ աղետի կանխատեսմամբ սնվող հոգեբանությունը իր մեջ պարունակում է հետեւյալ վտանգը. եթե մնացել է ընդամենը երկու տարի, ապա կարելի է տուրք տալ բոլոր ստորին բնազդներին եւ ստանալ կյանքից «վերջին կայֆերը»: Կամ՝ ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «հուպ տուր, Գավրիլա, աշխարհի վերջն է գալիս»:

«Իրավունք»-ի թղթակիցը «Երկարապահ« կամավորականների միության վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Արթուր Աղաբեկյանին հարցրել է. - «Լեռնային Ղարաբաղի իշխանությունները երբեք էլ դեմ չեն եղել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Հայաստանը ներկայացնի Արցախի շահերը: Սակայն վերջին շրջանում խնդրի վերաբերյալ, կարծես թե, լուրջ դժգոհություններ են նկատվում»: Աղաբեկյանը պատասխանել է. - «Արցախի իշխանությունները եւ ժողովուրդը Արցախի պաշտպանությունն իրենց մեջ են փնտրում: Նրանք գործընթացի մեջ փակուղի չեն տեսնում: Իսկ ձգձգվող գործընթացը փորձում են օգտագործել հանուն նոր անվտանգության համակարգերի ձեւավորման: Դա ժողովրդի սոցիալական վիճակն է, Արցախի տնտեսությունը, Արցախի բանակը, հասարակության բնական աճը, տրամադրություններն ու արցախցիների վերադարձը: Այսինքն՝ Արցախում ժամանակը ճիշտ է օգտագործվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG