Մատչելիության հղումներ

Թիվ 10/15 եւ 10/19 ընտրատեղամասերում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ հարուցված քրեական գործերը կարճվել են


Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ Երեւանում, 10-ը հունվարի, 2010թ.

Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ Երեւանում, 10-ը հունվարի, 2010թ.

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի թափուր մնացած տեղի համար մեծամասնական կարգով անցկացված ընտրությունների ընթացքում թիվ 10/15 եւ 10/19 ընտրատեղամասերում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ հարուցված քրեական գործերը կարճվել են։ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ հինգշաբթի այս մասին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Թիվ 10/15 եւ թիվ 10/19 տեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր էին ճանաչվել, եւ տեղամասերում ընտրախախտումների վերաբերյալ նյութերը ուղարկվել էին դատախազություն։ Այդ նյութերի, ինչպես նաեւ մամուլի հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էին ընդհանուր առմամբ 3 քրեական գործեր։

Ընտրությունների ընթացքում թիվ 10/12 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գարիկ Գալոյանի կողմից քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 150 հոդվածով հարուցված քրեական գործով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրություն եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանը տրված պատասխան նամակում մյուս երկու քրեական գործերի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունը տվել է հետեւյալ պատասխանը. - «Թիվ 10/15 եւ 10/19 ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ Հայաստանի քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով հարուցված քրեական գործերը կարճվել են՝ որոշ դրվագներով հանցակազմի բացակայության, իսկ մյուսներով՝ ապացույցների անբավարարության հիմքերով»։

Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի համապատասխան կետերը վերաբերում են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, երբ այդ արարքները կատարվել են մի խումբ անձանց կողմից։

Թիվ 19 եւ 15 տեղամասերը պատգամավորական լրացուցիչ ընտրությունների ամենաաղմկահարույց ընտրատեղամասերն էին։ Թիվ 15 տեղամասից ընտրությունների գիշերը պարկերը ընտրատարածքային հանձնաժողով էին բերվել պատռված եւ նորից կարված վիճակում։ Այս մասին հունվարի 14-ին հայտարարեց թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը, իսկ ականատեսները պնդում էին հօգուտ Արա Սիմոնյանի, մոտ 100 քվեաթերթիկների լցոնման մասին: Իսկ թիվ 19 տեղամասը նույնիսկ 1.5 ժամով փակվեց։ Այստեղ նաեւ լրագրողներին քաշքշելու եւ սպառնալիքների դեպքեր էին արձանագրվել։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG