Մատչելիության հղումներ

Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անցկացրին ոսկու շուկայում աշխատողները


Ոսկու շուկայի աշխատողների ցույցը Կառավարության շենքի մոտ: 18-ը փետրվարի, 2010 թ.

Ոսկու շուկայի աշխատողների ցույցը Կառավարության շենքի մոտ: 18-ը փետրվարի, 2010 թ.

«Վաղարշյան եւ որդիներ» ոսկու շուկայում առեւտուր անողները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Ցուցարարները պահանջում են վերջ դնել իրենց նկատմամբ գործադրվող հարկային ճնշումներին, իրենց ձեւակերպմամբ՝ հարկային տեռորին:

«Ամեն օր սպասում ես՝ հիմա կգան [հարկային տեսուչները] ու մի թիվ կներկայացնեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից մեկը՝ շարունակելով. - «Արդեն դանակը հասել է ոսկորին: Իրոք, թթվածինը փակում են»:

Վաճառողները պնդում են, որ հարկային տեսուչները իրենցից անհիմն գումարներ են գանձում, շուկայի առեւտրականների մեծ մասին պարտադրում են համատարած տուգանքներ վճարել, սադրում են դոլարով առեւտուր եւ այնուհետեւ տուգանում: Վերջերս ավելացել է նաեւ քաղաքապետարանի սահմանած տուրքը՝ տարեկան 50 հազար դրամ:

Ոսկու շուկայում աշխատողների համբերության բաժակը, սակայն, լցվել է երեկ, երբ հարկային մարմինների ներկայացուցիչները սկսել են գույքագրել իրենց ապրանքը:

«Գույքագրում նշանակում է, որ նա այսօր ֆիքսում է իմ ունեցածը, իմ սեփականությունը», - վրդովված ասաց ցուցարարներից մի կին. - «Վաղը, եթե ես ի վիճակի չլինեմ աշխատել, հավաքելու եմ իմ ոսկեղենը, գնամ: Իսկ ինքը ինձ ասելի է՝ մեկ միլիոն դու մնացորդ ունեիր, դրա 21 տոկոսը բեր մուծի, որ ես ստորագրեմ քո անհատ ձեռներեցի, ասենք թե, լուծարումը: Դա հարկային ռեկետ է»:

Ավելի ուշ կառավարության ներկայացուցիչը ընդունեց ցուցարարների պատվիրակությանը՝ խոստանալով հարցը քննել ու պատասխան տալ վաղը:

Հարցի առնչությամբ Պետեկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկանքի համաձայն, «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում կոմիտեն հարկային օրենսդրության համապատասխան իրականացրել է չափագրման աշխատանքներ՝ իրացման իրական շրջանառությունը եւ վճարվող հարկերը ճշտելու նպատակով, եւ այդ ընթացքում «որոշ տնտեսվարողներ խոչընդոտել են» իրենց աշխատանքը:



XS
SM
MD
LG