Մատչելիության հղումներ

Շիրակի եւ Լոռու անհատ տաքսու վարորդները ավելի ընդգրկուն օրենսդրական փոփոխություններ են պահանջում


Անհատ տաքսու վարորդների հանրահավաքը Գյումրիում, 18-ը փետրվարի, 2010թ.

Անհատ տաքսու վարորդների հանրահավաքը Գյումրիում, 18-ը փետրվարի, 2010թ.

Շիրակի եւ Լոռու մարզերի մոտ 500 անհատ տաքսիների վարորդները փետրվարի 18-ին Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ ողջունել են իրենց բողոքներին ընդառաջ՝ ոլորտը կարգավորող հարկային օրենսդրությունը վերանայելու կառավարության առաջարկների մի մասը, սակայն պահանջել են ավելի ընդգրկուն փոփոխություններ կատարել՝ հաշվի առնելով իրենց շահերը։

«Մենք էլ ենք փոխզիջումների գնում։ Իշխանությունները որոշ փոխզիջումներ արեցին՝ մենք էլ մարդ ենք, հասկանում ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց վարորդներից մեկը։ - «Նախկինում առաջարկում էինք 2500-3000 դրամ ամսական մուծել եւ ուղեւորափոխադրում կատարել։ Հիմա մեզ մի քիչ զոռ կտանք, ոչինչ, պատրաստ ենք 3500-4000 դրամի սահմաններում մուծումներ անել, որը տարեկան կկազմի մոտ 48 հազար դրամ»։

«Մենք գուզենք գոնե մեր բուխանկեմ հացը աշխատինք՝ մե հատըմ հաց իրիկունն առնինք, էրթանք տուն՝ էրեխեքս հաց ուտեն», - ամփոփեց մեկ այլ տաքսիստ։

Հունվարին Գյումրիի անհատ տաքսիների վարորդները դիմում բողոք էին հղել Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանություններին, Գյումրիի քաղաքապետարանին, պահանջելով վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը, եւ զգուշացրել, որ հակառակ դեպքում իրենք ապաստան կհայցեն այլ պետություններից, այդ թվում՝ անգամ Թուրքիայից։

... տաքսի, տաքսի, մինչեւ վերջ ...
Այս ամիս Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության պետը երկու անգամ հանդիպել է վարորդներին եւ փոխզիջումների 8 կետից բաղկացած առաջարկ ներկայացրել։ Այդ առաջարկներն ընդունելու դեպքում վարորդները ստիպված կլինեն վճարել տարեկան մոտ 170 հազար դրամ։

Այսօր կայացած հանրահավաքում տաքսիստները կառավարության փոխզիջումներին պատասխան պատրաստեցին։ Ըստ այդմ՝ վարորդների համար կառավարության առաջարկներից միայն երեքն են ընդունելի։

Վարորդները հանրահավաքում ներկայացրեցին իրենց սեփական փոխզիջումային տարբերակը. պատրաստ են հարկերը վճարել միայն ամսական կտրվածքով եւ իրենց առաջարկած գումարի սահմաններում։

Շեշտելով, որ իրենք միահամուռ են եւ վճռական՝ շարունակելու պայքարել իրենց իրավունքների համար ինչպես հանրահավաքներով, այնպես էլ բանակցությունների միջոցով, վարորդները նաեւ ընտրեցին իրենց կարգախոսը՝ «տաքսի, տաքսի, մինչեւ վերջ»։
XS
SM
MD
LG