Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունները դեմ չեն Վերին Լարսի անցակետի բացմանը: «Վրաստանի վարչապետ որեւէ վտանգ չի տեսնում անցակետի բացման մեջ: Դա կարող է անգամ որոշակի դրական ազդեցություն ունենալ սահմանամերձ գոտու բնակիչների համար», - անցած շաբաթ հայտարարել էր Վրաստանի կառավարության խոսնակը:

«Ընդհանուր առմամբ, սակայն, Վրաստանին Կազբեգի - Վերին Լարս անցակետի բացումը տնտեսական մեծ շահույթներ չի բերի», - հավելել էր Նիկոլոզ Մչեդլիշվիլին:

Վերին Լարսի անցակետը փակվել է 2006 թվականի ամռանը` ռուսական կողմի նախաձեռնությամբ: Անցած տարի Ռուսաստանի իշխանությունները սկզբում հայտարարեցին, որ ավարտել են անցակետի հիմնանորոգման աշխատանքները, ապա նաեւ հրապարակեցին սահմանային անցակետի վերաբացման հստակ օրը` 2010 թվականի մարտի 1:

Վրաց փորձագետներից շատերը, սակայն, համոզված են, որ անցակետի բացումը հարվածում է Վրաստանի ազգային շահերին:

«Հաշվի առնելով քաղաքական եւ տնտեսական այն բոլոր դիվիդենտները, որ ստանում են Ռուսաստանն ու Հայաստանը, Վրաստանն էլ կարող է մի որեւէ բան ստանալ դրա դիմաց, օրինակ` ռուսաստանյան շուկա վերադառնալու իրավունք: Առանց այդ քայլի` այս ամենը վերածվում է վրացական կողմի հերթական կապիտուլյացիայի», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է տնտեսագետ Գիա Խուխաշվիլին:

Վերլուծաբան Մամուկա Արեշիձեն էլ պնդում է, որ Վերին Լարսի անցակետով իրականացվող բեռնափոխադրումները պետք է լինեն վրացական կողմի խիստ հսկողության ներքո:

«Հայտնի է, որ այդ անցակետից ոչ միայն Հայաստանն է օգտվելու, այլեւ Ռուսաստանը: Ռուսները Վերին Լարսով ռազմական բեռներ են տեղափոխելու Հայաստանում գտնվող իրենց ռազմակայաններ: Վրաստանը պետք է սահմանափակի ռազմական բեռների տեղաշարժը այս անցակետով», - նշել է Արեշիձեն:

Վերին Լարսի անցակետը, որով ապահովվում էր Վրաստանի տարածքով ցամաքային կապը Ռուսաստանի հետ, կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար: Անցակետի փակումից ի վեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները իրականացվում են Փոթի - Նովոռոսիյսկ ճանապարհով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG