Մատչելիության հղումներ

Կուստուրիցան ինքն է ցանկացել Հայաստան գալ


Էմիր Կուստուրիցա և The No Smoking Orchestra

Էմիր Կուստուրիցա և The No Smoking Orchestra

Մարտի 5-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես կգա Էմիր Կուստուրիցան իր The No Smoking Orchestra խմբով: Պարզվում է, որ Հայաստան գալու միտքը հենց Կուստուրիցան է հղացել, ինչը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց համերգի կազմակերպիչներից «Ավանգարդ ֆոլք» երաժշտության ակումբի տնօրեն Արայիկ Տոնեյանը:

Սերբ ռեժիսոր եւ կիթառահար Էմիր Կուստուրիցան Սերբիայում մտերիմ է հայազգի ջութակահար Խաչատուր Ալմազյանի հետ, ով ղեկավարում է ջութակահար աղջիկներից կազմված «Almazian’s obsession» խումբը: Հենց նրա հետ մտերմությունն է փաստորեն առիթ դարձել, որ Կուստուրիցան իր «չծխողների նվագախմբով» նախաձեռնի այցը դեպի Երեւան: Համերգի ծրագիրը կազմակերպիչներին դեռ հայտնի չէ, բայց համոզված են, որ «անակնկալներից խուսափել չի ստացվի»:

Արայիկ Տոնեյանը պատմեց, որ Կուստուրիցան նաեւ որոշել է հրաժարվել իր հայաստանյան հոնորարից` առաջարկելով համերգի համար ապահովել միայն խմբի հոնորարը:

Ի դեպ, Կուստուրիցայի եւ The No Smoking Orchestra-ի համերգի տոմսերը դեռ չեն վաճառվում, կազմակերպիչները խոստանում են վաճառքը սկսել առաջիկա օրերին ու ապահովել, իրենց խոսքերով, «հասանելի գներ»:

Համերգից բացի, Էմիր կուստուրիցան Երեւանում նաեւ ռեժիսուրայի վարպետության դասեր կանցկացնի եւ հայկական երաժշտություն լսելու առիթ կունենա: Համերգի կազմակերպմանը աջակցել է Մշակույթի նախարարությունը:
XS
SM
MD
LG