Մատչելիության հղումներ

Երեւանի թիվ 10/12 տեղամասային հանձնաժողովի նախագահը մեղադրվում է քվեարկության արդյունքները կեղծելու մեջ


Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Երեւանի թիվ10/12 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից ընտրակեղծիք կատարելու մեղադրանքով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։

Գլխավոր դատախազության փոխանցմամբ, թիվ10/12 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Գալոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով։

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, թե «Ա1+» ինտերնետային կայքում հրապարակված տեղեկատվության ստուգմամբ պարզվել է, որ 2010 թվականի հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում թիվ 10/12 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահը, ընտրությունների ընթացքում ընտրացուցակներում գրանցումներ կատարելու եղանակով կեղծել է քվեարկության արդյունքները։

Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար։

Քրեական օրենսգրքի 150 հոդվածը քվեարկության արդյունքները կեղծելու կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելու համար սահմանում է ազատազրկում` երեքից հինգ տարի ժամկետով։

Հատուք քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցված նաեւ թիվ 10/15, 10/19 ընտրատեղամասերում արձանագրված միջադեպերի առնչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG