Մատչելիության հղումներ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Լրագրողների պաշտպանության կոմիտեի վերջին զեկույցում Հայաստանի առնչությամբ հնչեցված քննադատությունը, նկատեց, որ առավել մտահոգիչ է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում որդեգրվող պետական քաղաքականությունը։

Խորհրդարանում շրջանառության մեջ դրված քաղաքացիական եւ քրեական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթով իշխանությունները, ըստ փորձագետի, արդեն պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։

«Եվ պատրաստվում են այդ ընտրությունները կեղծել այնպես, ինչպես կեղծել են նախորդ ընտրությունները։ Եթե ընդունվեն օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք հիմա շրջանառության մեջ են, տպագիր մամուլն էլ կամաց-կամաց ստիպված է լինելու փակվել, կամ դառնալ այսօրվա հեռուստաեթերի նման։ Հասարակական կազմակերպությունները դառնալու են ավելի կառավարելի, եթե ՀԿ-ների մասին օրենքում փոփոխությունները ընդունվեն, եւ 2012 թվականին, ես հեգնանքով միշտ ասում եմ, մենք ունենալու ենք փայլուն ընտրություններ, որովհետեւ խախտումներ արձանագրողներ չեն լինելու»

Խնդրո առարկա օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախագծի համաձայն, զրպարտություն եւ վիրավորանք պարունակող հրապարակումների նկատմամբ սահմանվում են այնպիսի տուգանքներ, որոնք, Մեսրոպ Հարությունյանի բնորոշմամբ, կհանգեցնեն ներքին գրաքննությանն ու ինքնագրաքննությանը։

«Միտումները բերելու են նրան, որ լրագրողին չեն ծեծելու, բայց կանչելու են դատարան, իսկ այսօրվա դատարանը, բոլորս գիտենք, որ իշխանությունների կրնկի տակ է։ Այդ դատարանում լրագրողին կամ թերթին տուգանելու են 2 միլիոն դրամ՝ մեկ անգամ, 2 միլիոն դրամ՝ երկրորդ անգամ, եւ լրագրողը այլեւս աշխատելու հնարավորություն չի ունենալու», - նշում է փորձագետը։

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանը, համաձայնելով միջազգային փորձագետների զեկույցում արտահայտված մտահոգությունների հետ, նշեց, որ վերջին 2 տարում ավելի են ահագնացել իրենց թերթի եւ լրագրողների նկատմամբ ճնշումները։

«Դա կլինի մեր լրագրողին ծեծի ենթարկելու միջոցով, թերթի դեմ դատական հայց ներկայացնելու միջոցով, թերթին ֆինանսապես վնասելու միջոցով, կովի գլուխներ մորթելու եւ մեր խմբագրության դռան առաջ դնելու միջոցով... դա եղել է առաջին իսկ օրից մինչ այժմ», - նշեց Հակոբյանը։
XS
SM
MD
LG