Մատչելիության հղումներ

Վիկտոր Յուշչենկո. «Հպարտ եմ, որ Ուկրաինան կարողացավ ժողովրդավարական ընտրություններ անցկացնել»


Վիկտոր Յուշչենկոն հրաժեշտի ասուլիս է տալիս, Կիեւ, 16-ը փետրվարի, 2010թ.

Վիկտոր Յուշչենկոն հրաժեշտի ասուլիս է տալիս, Կիեւ, 16-ը փետրվարի, 2010թ.

Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն երեքշաբթի օրը հրաժեշտի ասուլիս է տվել, որի ժամանակ ամփոփել է անցած նախագահական ընտրությունները եւ իր նախագահության 5 տարիները:

Յուշչենկոն հայտարարել է, որ որպես նախագահ` հպարտ եւ երջանիկ է, որ իր երկիրը կարողացել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: Ընտրությունների ժամանակ, իհարկե, եղել են որոշ փոքր խնդիրներ, սակայն դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, եւ ընտրությունները անցել են միջազգային չափանիշներին համապատասխան, համոզված է Վիկտոր Յուշչենկոն:

Նա մի շարք խորհուրդներ է տվել նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչին, ով պաշտոնը կստանձնի արդեն փետրվարի 25-ին: Մասնավորապես, գործող նախագահը ասել է, որ Ռուսաստանի սեւծովյան նավատորմը պետք է դուրս բերվի Ուկրաինայի տարածքից. նավատորմը պետք է Ղրիմից դուրս գա 2017 թվականին, սակայն Յանուկովիչը իր ընտրությունից հետո առաջին ասուլիսի ժամանակ հնարավոր է համարել այդ ժամկետի երկարացումը:

Ընդհանրապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում Վիկտոր Յուշչենկոն Վիկտոր Յանուկովիչին խորհուրդ է տալիս ղեկավարվել միայն Ուկրաինայի ազգային շահերով:

Յուշչենկոն նաեւ ամփոփել է իր նախագահության տարիները եւ հայտարարել է, որ իր ամենամեծ սխալը Յուլիա Տիմոշենկոյի նշանակումն էր վարչապետի պաշտոնում:

Յանուկովիչը համարվում է ռուսաստանամետ քաղաքական գործիչ եւ իր առաջին հայտարարությունը ընտրությունների երկրորդ փուլից հետո արել էր ռուսերեն լեզվով: Այդուհանդերձ, փորձագետները միակարծիք չեն. շատերի համոզմամբ` Յանուկովիչի նախագահության տարիներին ռուս - ուկրաինական հարաբերությունները կմնան լարված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG