Մատչելիության հղումներ

Փետրվար 17-ի մամուլ


«Ժամանակ»-ի մեկնաբանը, անդրադառնալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, գրում է. - «Եթե ամբողջ աշխարհի համար այն ունի մի ընդհանուր պատճառ, ապա ամեն մի պետության համար կան յուրահատուկ պատճառներ: Ելնելով դրանց առանձնահատկություններից էլ` ճգնաժամը ընդհանուր գծերով, բայց տարբեր խորությամբ եւ որակով է դրսեւորվում առանձին երկրներում: Ըստ էության, Հայաստանում ճգնաժամի դեմ հիմնարար պայքարի համար անհրաժեշտ է իշխանական, կառավարման բուրգի կառուցվածքի եւ որակի արագ եւ բեկումնային փոփոխություն, որն անհնար է իրականացնել առանց մտածողության փոփոխության, առանց արժեքների վերադասավորման»:

«Հայք» թերթի խմբագրականը հարցադրումներ է անում. - «Երեկ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաները ձայն ձայնի տված նեղսրտել են, որ Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ընթացող բանակցություններում անտեսվում է պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը: Ավելին, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը դժգոհել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող օտարերկրյա պաշտոնյաները դադարել են այցելել Ստեփանակերտ: Մի խոսքով, ԼՂ ղեկավարությունը խիստ դժգոհ է, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը դուրս է մղվել բանակցային գործընթացից: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Բակո Սահակյանը եւ մյուսներն այնպիսի կեցվածք են ընդունում, կարծես Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մղվել Ադբեջանի, Ռուսաստանի, Ֆրանսիացի, ԱՄՆ-ի կամ Թուրքիայի պահանջով: Բակո Սահակյանը եւ մյուսները այնպիսի կեցվածք են ընդունել, որ կարծես մոռացել են, որ Ստեփանակերտը բանակցությունների սեղանից դուրս մղվեց Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ եւ ակտիվ ջանքերով: Ինչո՞ւ նրանք ժամանակին չքննադատեցին, չդատապարտեցին Քոչարյանի եւ նրա թիմի անհեռանկար գործողությունները: Ավելին, ինչո՞ւ հիմա չեն համարձակվում խոսել այդ մասին: Ինչո՞ւ չեն բարձրաձայնում, որ իրենք սխալ էին, երբ ժամանակին դեմքի հիացական արտահայտությամբ ծափահարում էին Ռոբերտ Քոչարյանին եւ հոտընկայս խմում նրա կենացը»:

Անդրադառնալով ԵԿՄ-ի երեկվա համագումարին՝ «Հրապարակ» թերթի խմբագրականն ամփոփում է. - «Մի քանի անգամ հետաձգված համագումարը պետք է վերջապես որոշեր՝ ով է իր իրական ղեկավարը: Եվ եթե նախագահի վերջին ընտրություններից հետո Մանվել Գրիգորյանի դիրքերը բավական երերուն էին, եւ հասկանալի չէր, թե ուր է գնում ԵԿՄ-ն եւ ում հետ, ապա այս համագումարում պարզ դարձավ, որ գեներալ Մանվելն իր դիրքերում է: Ավելին՝ նրա կողքին են ՀՀ պաշտպանության նախարարը եւ ընդհանրապես իշխանությունն ամբողջությամբ: Նրա կողքին է նաեւ Գագիկ Ծառուկյանն իր «Բարգավաճ Հայաստան»-ով: Ասել կուզի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից պաշտոնանկ արված գեներալն այլեւս ձիու վրա է եւ Սերժ Սարգսյանի իշխանության կողմից ընդունված»:

«Պահանջվում է ձախ ընդդիմություն» վերնագրված հոդվածում «Հայոց Աշխարհ»-ը նկատում է. - «Գարնանային ներքաղաքական մարտերի գլխավոր առանցքը կդառնան սոցիալական հիմնախնդիրները։ Չէ՞ որ սպասվում են շոշափելի թանկացումներ, ինչը, բնականաբար, չի կարող չհարուցել բնակչության դժգոհությունը, իսկ նման իրավիճակներում սովորաբար կտրուկ մեծանում է ձախ ընդդիմության դերակատարությունը։ Այդպես է լինում ողջ աշխարհում, բայց ոչ մեզանում։ Ձախ ընդդիմություն Հայաստանում գործնականում չկա։ Խորշն ազատ է, բայց դժբախտությունն այն է, որ ներկայումս գրեթե բոլոր խորշերը լայն են դրանց ենթադրյալ զբաղեցնողների համար, ինչպես որ լայն է լիլիպուտի համար Գուլիվերի պիջակը։ Բազմաթիվ կուսակցություններ փորձում են ժամանակ առ ժամանակ օգտագործել ձախ բառապաշարը, իրենց ծրագրերում ընդգրկում աշխատավորների շահերի պաշտպանության մասին ինչ-ինչ դրույթներ, բայց դրանից ձախ, այդ բառի դասական իմաստով, նրանք չեն դառնում»։ Թերթը ամփոփում է. - «Կցանկանայինք հուսալ, որ ձախ ընդդիմություն մեզանում վաղ թե ուշ այնուամենայնիվ կհայտնվի, պարզապես այսօր այն ընկեցիկի դերում է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG