Մատչելիության հղումներ

Հանրայինը Էմմիին եւ Միհրանին հաղթանա՞կ էր խոստացել


Էմմի եւ Միհրան
Էմմի եւ Միհրան

Երկօրյա լռությունից հետո Էմմին եւ Միհրանը բացառիկ հարցազրույց են տվել «Մաքսլիբերթի»-ին` սկանդալային բացահայտումներ անելով «Եվրատեսիլ 2010» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի առնչությամբ:

«Հանրային հեռուստաընկերությունն ինձ խոստացել էր, որ նախընտրական մրցույթ չի լինելու, որ ես ու Միհրանն ենք ներկայացնելու Հայաստանը Օսլոյում: Մրցույթով ընտրվելու էր միայն երգը: Վերջին 1-2 ամսվա ընթացքում պարզվում է, որ մասնակցության մրցույթ է լինելու»,- պատմեց Էմմին:

«Նախընտրական փուլի մասին խոսք անգամ չէր կարող լինել»,- վստահեցրեց Միհրանը եւ ասաց, որ երբ իմացել է, թե մրցույթ է անցկացվելու, Հայաստան գալուց առաջ Հանրային հեռուստաընկերության հետ նախապես ճշտել է` արդյոք պայմանավորվածությունը ուժի մեջ է, որ իրենք են մեկնելու Օսլո: - «Ասացին 99 տոկոսով դուք եք, ուղղակի պետք է գաք` մասնակցեք: Ինձ խաբեցին»:

«Մաքսլիբերթի»-ի այն հարցին, թե արդյո՞ք իրեն խաբված զգում է, Էմմին պատասխանեց. - «Առաջին անգամը չէ, որ ես նման վերաբերմունք եմ տեսնում Հանրային հեռուստաընկերության կողմից: Իմ մեջ արդեն իմունիտետ է առաջացել կապված այդ հեռուստաընկերության հետ»:

Երգչուհին ասում է, որ այսուհետեւ երբեք չի մասնակցելու «Հ1»-ի կազմակերպած որեւէ մրցույթի կամ նախագծի: «Հանրային հեռուստաընկերություն» ասելով՝ Էմմին եւ Միհրանը չցանկացան կոնկրետ անուններ մատնանշել՝ բավարարվելով հետեւյալ պարզաբանմամբ. «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները, ով վերջնական «այո»-ն է ասում»:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի` հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը «Մաքսլիբերթի»-ն փոխանցեց, որ «ինքը նման խոստման մասին տեղյակ չէ, չնայած ոչինչ չի բացառում»:

«Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլի ժամանակ մեծ աղմուկ բարձրացրեց նաեւ Անդրեն` բեմ դուրս գալով «Եվա Ռիվաս» մակագրությամբ վերնաշապիկով: «Ես ստացել եմ զգուշացում բեմադրության համար, բայց դա վերնաշապիկին չէր վերաբերում»,- «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Անդրեն: Զգուշացումը Մշակույթի նախարարության կողմից է եղել` կապված ռոյալի վրա պառկելու հետ: Խոսելով վերնաշապիկի մասին` Անդրեն ասաց, որ դա կանխամտածված քայլ չէր, այդ մասին կազմակերպիչները տեղյակ չէին: «Ես ընդամենը աջակցում էի իմ սիրած մասնակցին»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Էմմիին եւ Միհրանին, նրանք հերքում են այն լուրերը, թե հիասթափվել են: Առաջիկայում նրանք կմեկնեն ԱՄՆ «Հեյ» երգի տեսահոլովակը նկարահանելու նպատակով, իսկ Էմմին հավաստիացրեց, որ Հայաստանից հեռանալու մտադրություն չունի եւ շարունակելու է աշխատել այստեղ:

Իսկ Եվա Ռիվասը այս օրերին զբաղված է Օսլոյում կայանալիք կիսաեզրափակիչ փուլի պատրաստություններով եւ, ինչպես տեղեկացրեց նրա մամուլի պատասխանատու Հայկ Մարկոսյան, նրան շատ քիչ բան է հայտնի, թե ինչ է կատարվում հիմա հայաստանյան մրցույթի արդյունքների շուրջ:

Լսել հարցազրույցը Էմմիի եւ Միհրանի հետ.
XS
SM
MD
LG