Մատչելիության հղումներ

Երկու փաստաբանները հակադարձում են իրենց նախկին պաշտպանյալին


Զինվորները պարեկություն են իրականացնում Երեւանի փողոցներում, 2-ը մարտի, 2008թ.
Զինվորները պարեկություն են իրականացնում Երեւանի փողոցներում, 2-ը մարտի, 2008թ.
Փաստաբաններ Արթուր Գրիգորյանը եւ Տիգրան Աթանեսյանը երեքշաբթի օրը հակադարձել են իրենց նախկին պաշտպանյալի՝ պաշտպանության նախարարության շինարարական վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանի տարածած հայտարարությանը եւ այն որակել «սադրանք»:

Սարգսյանը նախօրեին հայտարարել էր, թե երկու փաստաբանները տարածել են իրականությանը չհամապատասխանող զրպարտչական տեղեկություններ, եւ հրաժարվել էր նրանց ծառայություններից:

Գրիգորյանը եւ Աթանեսյանը իրենց հայտարարությունում պնդում են, որ երբեւէ իրենց մասնագիտական գործունեության մեջ դուրս չեն եկել Փաստաբանության մասին օրենքով եւ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված շրջանակներից:

«Եթե որեւէ մեկը կփորձի շահարկել Արմեն Սարգսյանի սադրանքը՝ մեր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու նպատակով կամ այն առիթ կհամարի մեր նկատմամբ հետապնդում հարուցելու համար, ապա ճշմարտությունը բացահայտելու նպատակով ստիպված ենք լինելու հրապարակել մեր տրամադրության տակ գտնվող, փաստաբանական գաղտնիք հանդիսացող թե՛ բանավոր, թե՛ գրավոր տեղեկությունները», - ասված է երկու փաստաբանների հայտարարությունում:

Սարգսյանը ձերբակալվել է Նոր տարվա տոներից մի քանի օր առաջ, այն բանից հետո, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեմբերի 15-ին հրապարակեց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 2008-ի փետրվարի 23-ին արձակած հրամանի քաղվածքը։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ Սարգսյանը եւ նրա գործավարուհին մեղադրվում են «պետական գաղտնիքի» հրապարակման մեջ, եւ գործը այժմ քննվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում։

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արթուր Գրիգորյանը անցած շաբաթավերջին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, «մեղադրանքը մտացածին է, ընդամենը անձնական վրեժխնդրություն»: «Գործը դառնալու է դատական քննության առարկա, եւ նա [Արմեն Սարգսյանը] մանրամասն ցուցմունքներ կտա, թե ում է ձեռնտու եղել, որպեսզի քրեական գործը հարուցվի եւ նա գտնվի կալանքի տակ։ Նա արտոնել է մեզ, որպեսզի արդեն կոնկրետ անուններ սկսեն տրվել։ Մեկը՝ Սեյրան Օհանյանը, մյուսն էլ՝ Գլխավոր շտաբի պետ [Յուրի] Խաչատուրովը. երկուսին էլ անչափ ձեռնտու էր, որովհետեւ մինչեւ ձերբակալությունը հավանականությունը մեծ էր, որ Արմեն Սարգսյանը դարձյալ մուտք կգործի պաշտպանության նախարարություն եւ կզբաղեցնի շատ պատասխանատու պաշտոն», - ասել էր, մասնավորապես, Արթուր Գրիգորյանը:

Արմեն Սարգսյանը, մինչդեռ, երկուշաբթի օրը իր շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի միջոցով հերքել էր իր երկու փաստաբանների հայտարարությունները եւ հայտնել, որ հրաժարվել է նրանց ծառայություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG