Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի օրը հակադարձել է ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի՝ Բաքվում արած հայտարարությանը։

Ադրբեջանի արտգործնախարարը երկուշաբթի օրը Բաքվում ասել էր, որ ինքը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմում եւ գլխավոր հարցը դա «գրավյալ տարածքների» խնդրի լուծումն է եւ իրենց տներ փախստականների վերադարձը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Նալբանդյանն ասել է. - «Կարեւորն այն չէ, թե ով եւ ինչպես է տեսնում, այլ` թե ով է որոշում։ Իսկ այս հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Այդ մասին հստակ ասված է նաեւ Մադրիդյան փաստաթղթի որոշ մանրամասներում, որոնք հրապարակվեցին լ’Ակվիլայում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունից անմիջապես հետո»։

«Եթե Ադրբեջանը դեմ է արտահայտվում այս հիմնարար մոտեցմանը, ապա փաստորեն խոչընդոտում է կարգավորման գործընթացը։ Խոչընդոտում է կարգավորումը նաեւ դեմ արտահայտվելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը, որովհետեւ առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցության անհնար է առաջ մղել կարգավորումը», - մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարարը՝ շարունակելով. - «Ինչ վերաբերում է հակամարտության հետեւանքների վերացմանը, ապա հարկավոր է նկատի ունենալ, որ պիտի լուծվեն նաեւ Մարտակերտի, Մարտունու եւ Շահումյանի շրջանների Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների եւ այդ շրջաններ փախստականների վերադարձի հարցերը։ Եվ իհարկե, հակամարտության հետեւանքների վերացման հարցը պետք է լուծվի հակամարտության պատճառների հետ զուգահեռ»։

«Այս բոլոր հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով, փոխհամաձայնության հիման վրա եւ խաղաղ ճանապարհով», - եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG