Մատչելիության հղումներ

Վրաստանը պատրաստվում է հրաժեշտ տալ զոհված մարզիկին


Վրաստան -- Զոհված մարզիկի մայրը՝ Դոդո Խարազիշվիլին Բակուրյանիի սգում է որդու մահը, 14-ը փետրվարի, 2010թ.

Վրաստան -- Զոհված մարզիկի մայրը՝ Դոդո Խարազիշվիլին Բակուրյանիի սգում է որդու մահը, 14-ը փետրվարի, 2010թ.

Վրաստանի լեռնային Բակուրիանի քաղաքը փետրվարի 17-ին վերջին հրաժեշտը կտա 21-ամյա Վրաստանի օլիմպիական հավաքականի անդամ Նոդար Կումարիտաշվիլուն, ում ողբերգական մահը Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից ժամեր առաջ ցնցեց ամբողջ աշխարհը:

21-ամյա վրացի մարզիկը Ուիստլերի սառցուղու վրա մարզումների ընթացքում, կորցրելով սահնակի կառավարումը, 145 կմ/ժ արագությամբ բախվեց պատին եւ դուրս թռավ սառցուղուց՝ լուրջ վնասվածքներ ստանալով։ Նրան ուղղաթիռով անմիջապես տեղափոխեցին մոտակա հիվանդանոց, սակայն մարզիկը այդպես էլ գիտակցության չեկավ եւ բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը:

Կանադա - Վրաստանի օլիմպիական հավաքականի անդամ Նոդար Կումարիտաշվիլին կորցնում է կառավարումը եւ բախվում սառցուղու պատին, Վանկուվեր, 12-ը փետրվարի, 2010թ.
Սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիայի՝ դեպքի կապակցությամբ տարածած հաղորդագրության համաձայն՝ անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ սահնակորդ Նոդար Կումարիտաշվիլու մահվան պատճառը Ուիստլերի օլիմպիական մարզաբազայում գտնվող սառցուղու թերությունները չեն եղել, այլ՝ սահնակորդի սխալը:

Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գիա Նացիշվիլին ասել է, որ կազմակերպիչները անարդարացիորեն մեղքը բարդում են մարզիկի վրա. «Մարզիկները միշտ են սխալներ թույլ տալիս, յուրաքանչյուր մարզաձեւում, բայց դա չի նշանակում, որ այդ սխալները այսպես պետք է ավարտվեն»,- ասել է Գիա Նացիշվիլին:

Վրացի մարզիկի ողբերգական մահից հետո աշխարհի ամենաարագ սառցուղին համարվող Ուիստլերի սառցուղու արագությունը եւ երկարությունը կազմակերպիչների կողմից կրճատվել է, տեղադրվել է նաեւ պաշտպանիչ պատ:

Կումարիտաշվիլու հարազատներն ու համաքաղաքացիները եւս չեն ընդունում այն վարկածը, ըստ որի ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մարզիկի փորձառության պակասի հետեւանքով: Կումարիտաշվիլիի հայրը՝ Դավիթ Կումարիտաշվիլին, ով սահնակային սպորտի նախկին չեմպիոն է, անընդունելի է համարում այդ պատճառաբանությունը:

«Ես այս մարզաձեւում եմ իմ ողջ կյանքի ընթացքում: Եվ ես հստակ գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել իմ որդու հետ: Առաջին եւ ամենագլխավորը հետեւյալն է՝ 150 կմ/ժ արագությունը չափազանգ արագ է այս մարզաձեւի համար: Սա անընդունելի է: Բացի այդ, պետք է անվտանգության առավել խիստ միջոցներ ձեռնարկվեին սահնակի վրա կամ սառցուղու պատնեշի հատվածում: Սա այն շրջադարձն է, որից նա վախենում էր: Նա այդ սառցուղու վրա փորձառություն ունեցել էր, եւ ինձ ասել է այդ մասին»,- «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասել է մարզիկի հայրը:

Բակուրիանին, որտեղ տեղի կունենա վրացի մարզիկի հուղարկավորությունը, Վրաստանի լեռնադահուկային ամենահայտնի հանգստավայրն է։

Նոդար Կումարիտաշվիլին Օլիմպիական խաղերի ժամանակակից պատմության ընթացքում զոհված թվով 8-րդ մարզիկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG