Մատչելիության հղումներ

logo-print

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը մտահոգություն է հնչեցնում Սարիբեկ Սուքիասյանի հետ կապված իրադարձությունների կապակցությամբ


ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները մամուլի ասուլիսում: Երեւան, 16-ը փետրվարի, 2010թ.

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները մամուլի ասուլիսում: Երեւան, 16-ը փետրվարի, 2010թ.

Վերակառուցման եւ զարգազման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Երեւանի մասնաճյուղի տնօրեն Վալերիու Ռազլոգը երեքշաբթի օրը մտահոգություն հնչեցրեց «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ վերջին օրերին կատարվածի կապակցությամբ:

«Գործարար Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալությունը հաստատապես չի նպաստում Հայաստանի գործարար իմիջի բարելավմանը: Մենք ուշադիր հետեւում էինք նրա հետ կապված իրադարձություններին, եւ պետք է նշեմ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը շատ մտահոգված էր «Հայէկոնոմբանկ»-ի նախագահի հետ տեղի ունեցածով: Ուրախ ենք, որ նա ազատ է արձակվել», - լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Ռազլոգը:

ՎԶԵԲ-ը, ինչպես հայտնի է, «Հայէկոնոմբանկ»-ի 25 տոկոսի բաժնեմասի տերն է: Ընդհանուր առմամբ 29 երկրներում գործարար մթնոլորտի բարելավմանը եւ տնտեսական բարեփոխումներին միտված խոշորածավալ ծրագրեր իրականացնող միջազգային այս բանկը ներգրավված է Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում:

Բանկը երեքշաբթի օրը ներկայացրեց «Անցումային շրջանի զեկույցը», որում զգալի անդրադարձ կա Հայաստանի տնտեսությանը:

«Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալության եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանում գործարար միջավայրի բարելավման առնչությամբ ՎԶԵԲ-ի քաղաքական խորհրդատու Ֆրանկլին Սթիվզը նշեց, թե ինչպես այս, այնպես էլ նմանօրինակ ցանկացած այլ դեպքում «ուղղակի կենսական է անկողմնակալ եւ թափանցիկ հետաքննության անցկացումը»:

Նկարագրելով ճգնաժամային շրջանում Հայաստանի տնտեսության մեջ առավել էական բնութագրերը՝ բանկի ներկայացուցիչները կրկնեցին Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ նախկինում տված գնահատականները՝ հավելելով, որ ակնկալում են, թե այս տարի Հայաստանի ՀՆԱ-ն կաճի մոտ 2 տոկոսով:

Թեեւ, ըստ ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Հելենա Շվեյգերի, թիվն այնքան էլ ստույգ չէ, քանի որ «մի շարք հանգամանքների բերումով աճը կարող է լինել մի փոքր ավելի բարձր կամ ցածր»:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի զեկույցը, մասնավորապես, արձանագրում է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ընդգծեց «Հայաստանի ֆինանսական կախվածությունը արտասահմանից փոխանցումներով իրականացվող շինարարության ոլորտից»:

«Լողացող փոխարժեքի անցումը եւ դրամի հետագա արժեզրկումը վերացրեցին փոխարժեքի անհամապատասխանելիությունը եւ խթանեցին արտահանման մրցունակությունը», - ասված է զեկույցում:

Այդուհանդերձ, ըստ զեկույցի, արտասահմանյան փոխանցումներն ու օտարերկրյա ուղղակի ներդրումները «արդյունաբերության մի լայն շարքին ուղղելու համար գործարար միջավայրը բարելավման կարիք ունի՝ հակամենաշնորհային միջոցների ավելի արդյունավետ կիրառման եւ փոքր ու միջին ձեռնարկությունների վարչարարական ծախսերի նվազեցման միջոցով»:
XS
SM
MD
LG