Մատչելիության հղումներ

logo-print

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հաղթողի անունը հրապարակելուց հետո, մինչ Եվա Ռիվասը շնորհակալություն էր հայտնում հանդիսատեսին, Էմմի եւ Միհրան զույգը առաջ եկավ, խոնարհվեց ու ցուցադրաբար հեռացավ բեմից:

Արդեն կուլիսներում զույգի թիմակիցներն ու երկրպագուները կուտակվել էին արտիստների հանդերձարանի մոտ` դժգոհելով, թե sms-քվեարկությունը կեղծվել է: «Տեղ չէին հասնում մեր sms-ները, չի կարելի արվեստը առուծախի առարկա դարձնել: Խնդիրը Եվա Ռիվաս անձը չի, այլ նրա մեջքին կանգնած մարդիկ», - ասում էր երկրպագուհիներից մեկը:

Էմմի եւ Միհրան զույգի PR խմբի ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, թե քվեարկության ընթացքին հետեւող իրենց մասնագետը արձանագրել է, որ քվեարկության 30-րդ վայրկյանին Եվա Ռիվասի օգտին արդեն 5 հազար ձայն է արձանագրվել. - «Հետո սերվերը կախեց: Մի՞թե Էմմին Հայաստանում չունի երկրպագու, որ ընդամենը 1400 ձայն ստացավ»:

Մրցութային համերգին հաջորդած ասուլիսի ընթացքում Եվա Ռիվասի պրոդյուսեր` Մոսկվայի «Արմենիա փրոդաքշն» ընկերության ղեկավար Վալերի Սահարյանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանեց Էմմի եւ Միհրան զույգի դժգոհությունները. - «Կարճ կպատասխանեմ. հաղթել կարողանալուց բացի, պետք է իմանալ նաեւ պատվով պարտվել: Եկեք համախմբվենք հաղթող մասնակցի շուրջը»:

Անցնող օրերին տարբեր հարցումներում ու ինտենետային ֆորումներում Ֆավորիտների եռյակը եզրափակող Ռազմիկ Ամյանի թիմակիցը` երգչի ներկայացրած My Love երգի խոսքերի հեղինակ Վարդան Զադոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խուսափեց գնահատել քվեարկության ընթացքն ու արդյունքը, ասաց` սա մենամարտ է, բայց ինքը հարգում է մրցակցին:

Այսօր երեկոյան Էմմի եւ Միհրան զույգի մի քանի տասնյակ երկրպագուներ հավաքվել էին օպերային թատրոնի տարածքում հայտնելու իրենց դժգոհությունը: «Անարադարություն է տիրում, կաշառքն է խոսում»,- ասում էր մի կին: Երիտասարդ երկրպագուներրը վանկարկում էին` «Էմմի, Էմմի»:



Քիչ անց այս ակցիայի մասնակիցներին մոտեցավ Նադեժդա Սարգսյանի ղեկավարած «Էմմի-Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը ով ուներ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքները, ըստ որոնց Եվա Ռիվասը քվեարկության առաջին 30 վայրկյանի ընթացքում 6 հազար sms է գրանցել իր օգտին. «Մոտ 1400 sms ստացել են Էմմին եւ Միհրանը, մոտ 1800 sms էլ` Ռազմիկ Ամյանը: Ժյուրիի բոլոր անդամներ բացի մեկից, չգիտեմ ով է, բարձրագույն` 12 միավորն են տվել Էմմի եւ Միհրան զույգին»:

Էմմի եւ Միհրան զույգի ներկայացուցիչ Վրեժ Կիրակոսյանն առաջարկել է անվավեր ճամաչել քվեարկությունը, քանի որ համակարգը չի գործել. նրա խոսքով, բոլոր 8 արտիստների ներկայացուցիչները գրավոր նշել են, որ չեն ճանաչում sms քվեարկության արդյունքները, բացառությամբ Եվա Ռիվասի ներկայացուցչի:

Էմմիի մայրը՝ Նադեժդա Սարգսյանը, փոխանցեց, որ հիմա ամփոփում է քվեարկության հետ կապված իրենց ունեցած տվյալները, ի մի է բերում արդյունքները, եւ առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով:

Հանրային հեռուստաընկերությունը երեկոյան տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը բողոքներ է ստացել, որ SMS-քվեարկության ժամանակ եղել են տեխնիկական բարդություններ։ Առաջին ալիքն անմիջապես ուսումնասիրություններ է սկսել բջջային երեք օպերատորների հետ միասին։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է իր ձեռքի տակ գտնվող քվեարկության բոլոր տվյալները տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերին»։

Ծագած սկանդալի կապակցությամբ, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները հիմնականում չեզոք դիրք են գրավել. Էմմիին նեղացնել չեն ուզում, բայց չեն էլ կարող Եվա Ռիվասի դեմ դուրս գալ. ի վերջո այս երգչուհուն ներկայացնող Մոսկվայի «Արմենիա փրոդաքշն» ընկերությունն է կազմակերպում ամենամյա «Տաշիր» մրցանակաբաշխությունը։ Բացառություն են Անդրեն եւ Շուշան Պետրոսյանը:

Անդրեն ոչ միայն հայտարարել է, որ սատարում է Եվային, այլեւ երեկվա ելույթում «Եվա Ռիվաս» մակագրությամբ շապիկ էր հագել:

Իսկ Շուշան Պետրոսյանը մրցույթի նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում ասել էր. «Բոլորն էլ նախապես գիտեին, թե ով է գնալու: Եվա Ռիվասի անսպասելի հայտնվելը մտածելու տեղիք էր տալիս: Եթե համարձակվել է մրցել Ռազմիկի ու Էմմիի հետ, ուրեմն ձայնը տաք տեղից էր գալիս»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG