Մատչելիության հղումներ

logo-print

Դատախազությունը մերժել է զոհվածների հարազատների դիմում-բողոքը


Երեւանի փողոցներից մեկը 2008 թվականի մարտի 1-ին:

Երեւանի փողոցներից մեկը 2008 թվականի մարտի 1-ին:

Գլխավոր դատախազությունը մերժել է մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների հարազատների դիմում բողոքը, որով նրանք վիճարկում էին Հատուկ քննչական ծառայության անգործությունը։

Համոզմունք հայտնելով, որ սպանության հանգամանքների քննությունն իրականացվում է ոչ արդյունավետ, մեղավորները հայտնաբերված եւ պատժված չեն, դիմումատուները Գլխավոր դատախազությունից պահանջել էին քննչական ծառայության անգործությունը ճանաչել ոչ իրավաչափ, պարտավորեցնել այդ ծառայությանը` վերացնել անգործությունը, արդյունավետ քննություն իրականացնել։ Բողոք - դիմումին միացել էին մարտի մեկի 10-ը զոհերից 9-ի իրավահաջորդները. միայն ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի հարազատները չեն միացել՝ հիմնավորելով, որ կորցրել են հավատը ամեն ինչի նկատմամբ։

Դատախազությունը դիմումը մերժել է «անհիմն» լինելու պատճառաբանությամբ։ Գրավոր մերժումը զոհերի հարազատների լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ստացել է երկուշաբթի։ Նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դատախազությունը որեւէ կերպ չի հիմնավորել, թե ինչու է զոհերի հարազատների բողոքը համարում անհիմն։

Այս դիմում - բողոքը Գլխավոր դատախազությանն ուղարկվել էր երկրորդ անգամ։ Առաջին անգամ դեկտեմբերին դատախազությունը այն քննության չառավ, հիմնավորելով, որ Արտակ Զեյնալյանը չունի Հատուկ քննչական ծառայության կողմից հաստատված լիազորագիր` տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնելու համար։ Այնուհետեւ Զեյնալյանը ստացավ անհրաժեշտ փաստաթղթերը, նորից ներկայացրեց դիմումը։ Բայց գլխավոր դատախազությունը այս անգամ եզրակացրել է, որ զոհերի հարազատների վկայակոչած փաստերը անհիմն են։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զեյնալյանը նշեց, որ ակնկալում է ստանալ մերժման մանրամասն հիմնավորումները, որից հետո կորոշեն հետագա անելիքները.

«Մեր վստահորդների իրավունքները պաշտպանելու ենք հնարավոր բոլոր մատչելի միջոցներով», - հայտարարեց Զեյնալյանը։

Մարտիմեկյան իրադարձություններում զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Գլխավոր դատախազության պատասխանը իրենց համար անակնկալ չէր։ Այն հարցին, թե եթե սպասելիքներ չունեն, ինչո՞ւ են դիմում՝ Ալլա Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրենց վերջնական նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնելն է, իսկ դրա համար նախ անհրաժեշտ է սպառել դատական ներքին ատյանները. - «Մենք բողոքելու ենք մինչեւ վերջ, մինչեւ որ բոլորը դատապարտվեն, ինչպես նաեւ նրանք, ովքեր կոծկում են՝ տուժողների իրավահաջորդների վշտի հաշվին»։
XS
SM
MD
LG