Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական արձանագրությունները շրջանառության մեջ դրվեցին Ազգային ժողովում


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի շրջանառության մեջ է դրել հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների փաթեթը եւ որպես գլխադասային հանձնաժողով նշանակել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին։

Առայժմ հայտնի չէ, թե երբ կսկսվեն քննարկումները այս հանձնաժողովում, որի նախագահը վճռականորեն արձանագրությունների դեմ արտահայտվող Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է։

Չորեքշաբթի օրը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ որպես Հայաստանի խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավար, բացառում է արձանագրությունների վավերացման տապալումը Հայաստանում։ Նախագահը, սակայն, ընդգծել էր. - «Բայց եթե հաստատվեն կասկածները, թե Թուրքիան փորձում է ընդամենը ժամանակ ձգել, մենք ստիպված կլինենք դադարեցնել գործընթացը»։
XS
SM
MD
LG