Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը վստահ է, որ հայ-թուրքական նորմալացման գործընթացի հետեւանքով Հայաստանը «լուրջ» կորուստներ է ունեցել


Տիգրան Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ, Երեւան, 15-ը փետրվարի, 2010

Տիգրան Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ, Երեւան, 15-ը փետրվարի, 2010

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին հանրապետական Տիգրան Թորոսյանի կարծիքով, այսօր առավել հավանական է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման արձանագրությունները չի վավերացնի:

Այդ իրավիճակը, ըստ Թորոսյանի, ստեղծվեց Սահմանադրական դատարանի որոշումից հետո, երբ Թուրքիան, անմիջապես օգտվելով դրանից, նշեց, թե արձանագրությունների մեջ անուղղակի փոփոխություններ են արվում:

Երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը, խորհրդարանի նախկին խոսնակը համոզմունք հայտնեց, ոև Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումը բավական բարդ է լինելու, քանի որ դրանից հետո Թուրքիայի իշխանությունները միաժամանակ խնդիրներ են ունենալու թե՛ երկրի ներսում, թե՛ Ադրբեջանում: Հետեւաբար, Թուրքիան, այլ ելք չունենալով, շարունակելու է կառչել Հայաստանի Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից։

Տիգրան Թորոսյանի համոզմամբ, որպեսզի Թուրքիան վավերացնի այդ արձանագրությունները, ճնշման 2 գործիք գոյություն ունի. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսի բանաձեւի նախագիծը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը։ Ամեն դեպքում, ըստ պատգամավորի, եթե արձանագրությունների վավերացումը տապալվի, Հայաստանը ոչինչ չի կորցնի։ Ավելին, Տիգրան Թորոսյանը վստահ է, որ մինչ օրս այս գործընթացի հետեւանքով Հայաստանը լուրջ կորուստներ է ունեցել։

«Հայաստանը իսկապես ունի կորուստներ։ Ի վերջո, արձանագրությունների մեջ արձանագրվեց երկու հարցադրում, որոնք վերաբերում էին դեռեւս 93 թվականին Թուրքիայի դրած երեք նախապայմաններից երկուսին. առկա գործող սահմանների ճանաչումը արձանագրություններում ունի իր ձեւակերպումը, եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված՝ գիտնականների ենթահանձնաժողովի ստեղծումը նույնպես այն ենթատեքստումն է, որում Թուրքիայի հարցադրումն էր։ Այս ամենի դիմաց Հայաստանը չի ստացել որեւէ մի բան, եւ համոզված եմ, որ չի ստանալու որեւէ բան», - հայտարարեց Տիգրան Թորոսյանը։

Ազգային ժողովի նախագահի պաշտոնը կորցնելուց հետո իշխող Հանրապետական կուսակցությունից հեռացած Տիգրան Թորոսյանը նաեւ քննադատության ենթարկեց նախագահ Սերժ Սարգսյանի անցած շաբաթ Լոնդոնում կայացած ելույթը։ Նախկին հանրապետականի կարծիքով, նախագահի ելույթի ո՛չ բովանդակությունը, ո՛չ կառուցվածքը չէին համապատասխանում այն լսարանին, որտեղ ելույթը տեղի էր ունենում։ Անգամ ելույթի վերնագիրը չէր համապատասխանում բովանդակությանը: «Արժեքները եւ անվտանգությունը Հարավային Կովկասում» վերնագրի ներքո Սերժ Սարգսյանը խոսեց Ղարաբաղի խնդրի, Ցեղասպանության հարցի եւ Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի կապերի մասին, մինչդեռ Հարավային Կովկասում անվտանգության եւ արժեքների խնդրին հայ-բրիտանական հարաբերությունները չէին համապատասխանում:

Նախկին Հանրապետական պատգամավորը «կոպիտ սխալ» որակեց Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե ինքը, իբրեւ խորհրդարանական մեծամասնության ղեկավար, երաշխավորում է, որ արձանագրությունների վավերացումը Հայաստանում չի տապալվի:

«Անկախ որեւէ բանից, խորհրդարանը անկախ մարմին է։ Ավելին, պատգամավորը ազատ է իր դիրքորոշումը արտահայտելու մեջ՝ դա Սահմանադրական նորմ է», - ընդգծեց Տիգրան Սարգսյանը։

Չնայած նախագահ Սարգսյանը վստահ է, որ Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում կվավերացնի արձանագրությունները, Տիգրան Թորոսյանը նկատեց, թե հանրապետականների ճնշող մեծամասնությունը իրականում այլ կերպ է մտածում։
XS
SM
MD
LG