Մատչելիության հղումներ

Կանատ Սաուդաբաեւ. «2010-ը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով կարող է որոշիչ լինել»


Կանատ Սաուդաբաեւ
Կանատ Սաուդաբաեւ

«2010 թվականը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով կարող է որոշիչ լինել», - երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ-ի նախագահող պետության` Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը:

«ԵԱՀԿ-ն պատրաստ է նոր լիցք հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին: Մեզ որոշակի լավատեսություն է ներշնչում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած վերջին հանդիպումը», - Ադրբեջանի մայրաքաղաքում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Սաուդաբաեւը` հավելելով, որ ԵԱՀԿ-ն հարցի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում:

Նույն ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «կարգավորման հիմնարար սկզբունքների չհամաձայնեցված կետերի շուրջ հայկական կողմի առաջարկներն առայժմ միջնորդներին չեն ներկայացվել»: Այդ մասին, ըստ նրա, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում:

«Մեր տեսակետը շատ հստակ է` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մենք տեսնում ենք Արդբեջանի կազմում: Ղարաբաղում պետք է կողք-կողքի ապրեն հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները», - ասել է Մամեդյարովը:

Անդրադառնալով պնդումներին, թե բանակցությունները փակուղում են հայտնվել, Ադրբեջանի արտգործնախարարը ասել է. - «Եթե բանակցային գործընթացը տեղում դոփի, մենք պետք է մի հարցի պատասխանը գտնենք` ինչ է հետեւելու դրան: Այս հարցն իրենց պետք է ուղղեն նաեւ բանակցային գործընթացի մյուս մասնակիցները»:

Ընդհանուր առմամբ, ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, պաշտոնական Բաքուն կողմ է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին:

Կանատ Սաուդաբաեւը, այլ հանդիպումների շարքում, Բաքվում հանդիպել է նաեւ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովի հետ:

Հանդիպման ավարտին Սաֆարովը չի բացառել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է որոշվել հանրաքվեի միջոցով:

«Այդ հանրաքվեն պետք է անցկացվի միայն այն բանից հետո, երբ Ղարաբաղ վերադառնան բռնի տեղահանվածները: Ես համոզված եմ, որ Ղարաբաղում բնակվող շարքային հայերը ցանկանում են, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան տարածաշրջան», - ասել է Սաֆարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG