Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Ադրբեջանը շահագրգռված է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի ընդունմամբ»


Ադրբեջանը շահագրգռված է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի ընդունմամբ: Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Վերջերս ես զրուցել եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ նա ասաց, որ հայկական կողմը մինչ օրս չի ներկայացրել իր առաջարկները «հիմնարար սկզբունքների» չհամաձայնեցված պահերի առնչությամբ: Մեր դիրքորոշումը պարզ է, մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը Ադրբեջանի կազմում` ինքնավարության բարձր աստիճանով», - «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը:

Նրա խոսքերով` կարգավորման գործընթացը առաջ է շարժվում, եւ Ադրբեջանը շահագրգռված է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի ընդունմամբ: «Եթե գործընթացը տեղում դոփի, հարց կծագի` իսկ հետո՞: Եվ այն պետք է իրենց տան բանակցությունների մնացած մասնակիցները», - ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանը արտգործնախարարը նաեւ ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներից երեքն են, ինչը վկայում է հակամարտության կարգավորման կարեւորության մասին:

«Մենք պետք է լուծենք գրավյալ տարածքների եւ փախստականների` հարազատ տներ վերադարձի խնդիրը», - հայտարարել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG