Մատչելիության հղումներ

Ամերիկացի փորձագետի կարծիքով, մարտի 1-2-ին «անհամաչափ ուժ է կիրառվել»


«Ինձ թվում է, որ [2008 թվականի մարտի 1-2-ին Հայաստանի ոստիկանության կողմից], թերեւս, անհամաչափ ուժ է կիրառվել, ինչը տեղ գտավ որոշ հաղորդագրություններում», - շաբաթ օրը ասաց ամերիկյան Densus Group ընկերության ներկայացուցիչ Ադամ Լեգատը։

Նա հավելեց, որ նման կարծիքը ձեւավորել է տեսանյութերի դիտումից, մի քանի հաղորդագրություններ ընթերցելուց եւ տարբեր մարդկանց հետ շփվելուց հետո։

«Այն մարտավարությունը եւ դոկտրինան, որը կիրառվել է հայաստանյան ոստիկանության կողմից 2008թ. մարտի 1-2-ին, ավելի շատ խորհրդային շրջանի դոկտրինա եւ մարտավարություն է, որը մարտի 1-2-ի իրադարձությունների նման իրադարձությունների համար տեղին չէր», - ասաց Լեգատը եւ ավելացրեց, թե ոստիկանության կողմից կարող էր այլ մոտեցում ցուցվաբերվել, բայց իրավապահ մարմինները գործել են այն մարտավարությանը եւ դոկտրինային համապատասխան, որը ընդունված էր։

«Ահա թե ինչու հիմա [հայաստանյան] ոստիկանությունը այլ տարբերակներ է դիտարկում», - շարունակեց նա` մանրամասնելով. - «Որքան ես հասկացա` շփվելով այն ոստիկանների հետ, ովքեր [մարտի 1-2-ին] այնտեղ էին, նրանք կիրառել են այն մարտավարությունը եւ տեխնիկան, որը նրանց ուսուցանվել է։ Եվ այդ մարդիկ կարծում են, որ իրենց կիրառած մարտավարությունը չարդարացրեց իրեն, դրա համար էլ իրենք ցանկանում են սովորել նոր մոտեցումներ։ Հայաստանյան ոստիկանները շատ անկեղծ էին եւ նշում էին, թե որոշ դեպքերում կիրառված մարտավարությունները համահունչ չէին առաջացած իրավիճակների հետ»։

Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսավորմամբ ամերիկյան Densus Group ընկերության փորձագետների` այդ թվում Ադամ Լեգատի, երեքշաբաթյա դասընթացները հայաստանյան ոստիկանության պարեկապահակային ծառայության եւ ներքին զորքերի սպայական անձնակազմի հետ բաղկացած են եղել երկու հատվածից։ Առաջին` պատրաստվել են հատուկ հրահանգիչներ, որոնք հետո իրենք են հատուկ դասընթացներ կազմակերպելու հայաստանյան ոստիկանական ուժերի համար եւ նրանց փոխանցելու են ձեռք բերված գիտելիքները, թե ինչ մարտավարություն որդեգրել զանգվածային միջոցառումների, անկարգությունների ժամանակ, որպեսզի, ինչպես նշեց Ադամ Լեգատը, այդ իրավիճակներում ամբոխի կառավարումը անցնի հնարավորինս անվնաս։

Դասընթացների երկրորդ մասը ուղղված է եղել ոստիկանության հրամանատարական կազմին, թե զանգվածային միջոցառումների ժամանակ ինչպիսի ռազմավարություն եւ մարտավարական քայլեր պետք է մշակվեն։

Լեգատը հատուկ ընդգծեց, որ այդպիսի իրավիճակներում ոստիկանական հրամանատարությունը պետք է հատկապես ուշադրություն դարձնի ԶԼՄ-ների եւ իրավապաշտպան կառույցների հետ փոխհամագործակցությանը, որպեսզի վերջիներիս համար պարզ ու հասկանալի լինեն իրավապահների գործողությունները եւ, մյուս կողմից, որպեսզի ոստիկանությունը կարողանա անհրաժեշտ ձեւով ներկայացնել ու հիմնավորել իր քայլերը։

«Եվ այս ամենի մեջ ամենակարեւոր սկզբունքն այն է, որ հարգանք ցուցաբերվի բողոքող մարդկանց եւ մարդկանց` բողոքելու իրավունքի նկատամամբ», - ընդգծեց Densus Group-ի փորձագետը։
XS
SM
MD
LG