Մատչելիության հղումներ

Փետրվարի 13-ի մամուլ


Փետրվարի 16-ին Կառավարության նիստերի դալիճում կայանալու է «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 8-րդ համագումարը: Երեկ «Առավոտ»-ին հայտնի է դարձել, որ համագումարին ո'չ իբրեւ պատգամավոր, ո'չ իբրեւ պատվիրակ չեն մասնակցի կազմակերպության այն անդամները, ովքեր 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կանգնեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Մասիսի ինքնապաշտպանական ջոկատի նախկին հրամանատար Հուսիկ Բարսեղյանը այդ առիթով ասել է. - «Համոզված եմ, որ դա ԵԿՄ-ի «վերնախավի» ցանկությունն է: Որեւէ իրեն հարգող իշխանություն չի կարող թույլ տալ, որ ԵԿՄ-ի նման կառույցը իր վերահսկողությունից դուրս գտնվի: Այդ թվում նաեւ այս իշխանությունը, որն ամեն ինչ անում է, որ երկրապահներին «իր բռի մեջ» պահի»: Չնայած համագումարի օրը արդեն նշանակված է, «Առավոտ»-ի զրուցակիցը խիստ կասկածում է, որ այն տեղի կունենա, իսկ եթե տեղի ունենա, ապա միայն՝ «արդեն իսկ նախատեսված սցենարով՝ համաձայնեցված երկրի բարձրագույն իշխանությունների հետ»: Այդ սցենարից, բնականաբար, դուրս կմնան «եւ նորընտիր վարչությունում չեն լինի «մարտի 1»-ով դատապարտվածները եւ Հայաստանի Հանրապետություն առաջին նախագահի կողքին կանգնած ԵԿՄ-ականները»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարցնում է. - «Հաճախ են հնչում մեղադրանքներ, ըստ որոնց, որոշ դատապարտյալների բուժօգնությունը պատշաճ մակարդակով չի իրականացվում։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության համաձայն, օրինակ, Սասուն Միքայելյանի ստացիոնար բուժումը, թեպետ մի քանի օր անց կազմակերպվել է, սակայն իրեն նախապես պատասխան է ուղարկվել, որ դրա կարիքը տվյալ պահին չի եղել»։ Նախարարը պատասխանում է. - «Բուժման եղանակի վերաբերյալ որոշում կայացվում է բացառապես բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, դա չի կարող իրավական խնդիր լինել եւ լուծվել բացառապես վարչաիրավական բնույթի միջնորդության հիման վրա։ Տվյալ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանին պատասխան է տրվել այն մասին, որ հետազոտությունները մինչ այդ արդեն իսկ սկսված են եղել եւ շարունակվում են, ինչից չի կարելի ենթադրել, որ բացառվում է ըստ արդյունքների այլ որոշում կայացնելը։ Բնական է, որ եթե մի քանի օր անց է որոշում կայացվել դատապարտյալին տեղափոխելու մասին, ուրեմն հենց այդ պահին էլ ստացվել է անհրաժեշտ եզրակացությունը»։

«Ժամանակ» թերթի թղթակիցը Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին հարցնում է. - «ԱՄՆ-ի հետախուզական վարչության ղեկավարը վերջերս հայտարարեց, թե մեծ է հայ-ադրբեջանական պատերազմի հավանականությունը: Կարելի՞ է դա որակել որպես ճնշում Հայաստանի վրա»: Փորձագետը պատասխանում է. - «Սա մեսիջ էր, բայց դրա հասցեատերը ոչ թե Հայաստանն էր, այլ Ռուսաստանը, որը վերջին ամիսներին աննախադեպ ակտիվություն է դրսեւորում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում եւ առանձին եռակողմ ձեւաչափեր է կիրառում: Այս համատեքստում այդ հայտարարությունը պարզապես զգուշացում է, որ եթե այդ ակտիվությունը շարունակվի եւ առաջընթաց չգրանցվի, դա ինչի կարող է բերել: Ռուսներն էլ դրանից 2-3 օր անց միանգամից խոսեցին այն մասին, որ Իրանի հետ կապված լարվածությունը կարող է վերաճել պատերազմի: Սա, պատկերավոր ասած, Ռուսաստանի, այս դեպքում Պատրուշեւի պատասպանն էր «Չեմբեռլենին»»:

«Մերոնք» օրաթերթի թղթակիցը արեւելագետ, դեսպան Դավիթ Հովհաննիսյանին հարցնում է. - «Հայաստանում այդքան շատ են խոսում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից, բայց այդ խոսակցությունները մեծ մասամբ քաղաքական բանավեճերից այն կողմ չեն անցնում: Համակարգված աշխատանք չի տարվում հասարակության հետ»: Հովհաննիսյանը պատասխանում է. - «Այդ դատարկախոսությունը մի նպատակ է հետապնդում՝ հասարակության ուշադրությունը շեղել Հայաստանի ներքին կյանքից եւ ներքին խնդիրներից: Իսկ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ծայր աստիճան աղետալի վիճակում: Սա ուշադրությունը շեղելու ձեռնտու տարբերակ է, որովհետեւ հայ-թուրքական հարաբերությունները մեր ժողովրդի համար ցավոտ հարց են: Իսկ լուրջ աշխատանք կատարելու համար խորը գիտելիքներ են պահանջվում: Նաեւ չեմ կարծում, որ այդ աշխատանքը իրականցնելու համար Հայաստանի իշխանությունները խորհրդակցել են գիտնականների հետ: Չեմ կարծում, որ բացի պալատական գիտնականներից որեւէ մեկը կարծիք է հայտնում այս հարցերի վերաբերյալ: Սա իրոք անպատասխանատու գործելակերպ է, որովհետեւ, իրոք, չի կատարվում համակարգված աշխատանք»:

Հունվարի 22-ին Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւը հայտարարեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով ռուսական ՎՏԲ բանկը դադարեցրել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ֆինանսավորումը: Այս հարցի կապակցությամբ «Կապիտալը» պարզաբանումներ է խնդրել «Էյ-Սի-Փի» (ACP) ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանից, ով ասում է. - «Թեղուտի ծրագրի իրականացումը ՎՏԲ բանկի կողմից վարկավորելու գործընթացն անորոշ ժամկետով սառեցվելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հիշատակված հայտարարությունը վերաբերել է ընդհանրապես Հայաստանում Ռուսաստանի Դաշնության կողմից կատարվող ծրագրերի դանդաղեցմանն ու սառեցմանը, սակայն նույն այդ ասուլիսի ընթացքում շեշտվել է, որ Թեղուտի ծրագրի ֆինանսավորման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այժմ շարունակվում են ՎՏԲ բանկի հետ բանակցությունները, եւ հուսով ենք, որ առաջիկա ամիսների ընթացքում հնարավոր կլինի բանկից ստանալ ֆինանսավորում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG