Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցը մեղադրվում է «պետական գաղտնիք» հրապարակելու մեջ


Հայաստան -- Զինվորականները պարեկություն են իրականացնում Երեւանի փողոցներում, 2-ը մարտի, 2008թ.

Հայաստան -- Զինվորականները պարեկություն են իրականացնում Երեւանի փողոցներում, 2-ը մարտի, 2008թ.

Պաշտպանության նախարարության շինարարության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2008 թվականի մարտի 1-ի նախաշեմին Հայաստանի զինված ուժերը հատուկ պատրաստվածության բերելու մասին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի գաղտնի հրամանի հրապարակման առնչությամբ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը։

Արմեն Սարգսյանը ձերբակալվել էր Նոր տարվա տոներից մի քանի օր առաջ, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեմբերի 15-ին հրապարակեց Միքայել Հարությունյանի 2008-ի փետրվարի 23-ին արձակած հրամանի քաղվածքը։ Հրապարակված քաղվածքի համաձայն, նախագահական ընտրություններից 4 օր անց զինված ուժերի ողջ անձնակազմին հրահանգվել է տեղափոխել զորանոցային վիճակի, պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել տաբելային զենքով զինված սպայական խմբեր, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ ստեղծել «Կայազորի պետի վարչակազմ» անվանմամբ նոր կառույց։

Ընդդիմադիր մամուլի հրապարակումների համաձայն, նշված ժամանակաշրջանում հիշյալ կառույցը գործնականում փոխարինել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին եւ ապահովել է մարտի 1-ին զինված ուժերը Երեւան տեղափոխելու եւ դրանց հետագա կառավարման հետ կապված գործընթացները։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտպանության նախարարի խոսնակը, ձերբակալված Արմեն Սարգսյանը եւ նրա գործավարուհին մեղադրվում են «պետական գաղտնիքի» հրապարակման մեջ, եւ գործը այժմ քննվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում։

«Հրաման է, հրապարակվել է։ Հրամանի մեկ-երկու կետ։ AN-0038 հրամանի մասին է խոսքը», - ասաց Շահսուվարյանը։

Սարգսյանի պաշտպանները՝ Տիգրան Աթանեսյանն ու Արթուր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ գործի քննությանը վերաբերող տվյալները նախաքննության գաղտնիք են հանդիսանում եւ հրապարակման ենթակա չեն։ Նրանք, սակայն, հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, «մեղադրանքը մտացածին է, ընդամենը անձնական վրեժխնդրություն».

«Մեր պաշտպանյալը չի պատրաստվում կանգ առնել եւ մինչեւ վերջ պիտի պայքարի, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի», - փոխանցեց Արթուր Գրիգորյանը. - «Գործը դառնալու է դատական քննության առարկա, եւ նա մանրամասն ցուցմունքներ կտա, թե ում է ձեռնտու եղել, որպեսզի քրեական գործը հարուցվի, եւ նա գտնվի կալանքի տակ։ Նա արտոնել է մեզ, որպեսզի արդեն կոնկրետ անուններ սկսեն տրվել։ Մեկը՝ Սեյրան Օհանյանը, մյուսն էլ՝ Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը. երկուսին էլ անչափ ձեռնտու էր, որովհետեւ մինչեւ ձերբակալությունը հավանականությունը մեծ էր, որ Արմեն Սարգսյանը դարձյալ մուտք կգործի պաշտպանության նախարարություն եւ կզբաղեցնի շատ պատասխանատու պաշտոն»։

Շինարարության վարչության պետի պաշտոնից Արմեն Սարգսյանին ազատել է պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանը 2008 թվականի սեպտեմբերին։ Արմեն Սարգսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ, աշխատանքից ազատման պատճառ են դարձել միմյանց հետ ունեցած վաղեմի տարաձայնությունները, - «Երբեք չի վիճարկել, թեպետեւ չի համաձայնել ազատման հրամանի հետ: Նրան շուրջ մեկ տարի բազմիցս հրավիրել են դատախազություն, ռազմական ոստիկանություն, քննչական մարմիններ, երկար հարցաքննություններ, քննչական գործողություններ, սակայն ոչ մի քրեորեն պատժելի արարք, ոչինչ չեն գտել. Ինչպես մեր պաշտպանյալն է պնդում, դա եղել է նախարարի ուղղակի ցուցում, որպեսզի ինչ-որ բան գտնվի եւ հիմնավորվի, թե ինչու են նրան ազատել պաշտոնից»:

Արմեն Սարգսյանի պաշտպանական կողմը դիմել էր դատարան՝ նախաքննության շրջանում խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու, գրավով փոխարինելու միջնորդությամբ, բայց դատարանը փետրվարի 10-ին մերժել է միջնորդությունը:

«Եթե այս հետապնդումը չդադարեցվի, մեր պաշտպանյալը հանդես կգա փաստարկված հայտարարություններով՝ պաշտպանության նախարարության գործունեության մեջ տեղ գտած որոշ մութ դրվագների մասին, որովհետեւ մեղսագրվող արարքը որեւէ առնչություն չունի իր հետ: Անձնական վրեժխնդրություն է՝ պայմանավորված նրանով, որ մեր պաշտպանյալին հայտնի են որոշակի տեղեկություններ պատասխանատու դիրք զբաղեցնող որոշ պաշտոնյաների մասին, եւ այդ տեղեկությունները, ըստ մեր պաշտպանյալի, այս պահին հայտնի չեն երկրի բարձրագույն ղեկավարությանը», - նշեց Տիգրան Աթանեսյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, սակայն, «հիմարություն» որակեց պաշտպանների հնչեցրած հայտարարությունները։
XS
SM
MD
LG