Մատչելիության հղումներ

Նախատեսված 10 մասնակցի փոխարեն Եվրատեսիլի Հայաստանյան նախընտրական փուլին կմասնակցեն 9-ը


Փետրվարի 14-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կանցկացվի Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի համերգը, որի արդյունքում կորոշվի Օսլոյում կայանալիք մրցույթին Հայաստանը ներկայացնող մասնակիցը։

Երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անցկացված վիճակահանության ընթացքում պարզ դարձավ, որ մասնակիցները ոչ թե 10-ն էին, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ 9-ը։

Վիճակահանությամբ որոշվեց, որ փետրվարի 14-ին առաջինը ելույթ կունենա Another story ռոք խումբը, երկրորդը` Անի Արզումանյանը, երրորդը` Մելինե Բեգլարյանը, չորրորդը Էմմի եւ Միհրան զույգը, ապա Դավիթ Աշոտյանը, Նիկ Էգիբյանը, Մարիա Կիզիրյանը, Ռազմիկ Ամյանը, իսկ վերջինը՝ Եվա Ռիվասը։ Երգչուհի Սոնյան եզրափակիչ փուլին չի մասնակցի։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանից տեղեկացանք, որ երգչուհին հրաժարվել է մասնակցել մրցույթին առողջական խնդիրների պատճառով։ Մինչդեռ, վերջերս Youtube ինտերնետային կայքում ու մի քանի ֆորումներում հայտնվել են տարբեր հաղորդագրություններ, թե Սոնյան դուրս է եկել մրցույթից այն պատճառով, որ նրա ընտրած երգում գրագողության տարրեր կան. երգը նման է նախորդ տարի Եվրատեսիլում Թուրքիան ներկայացրած երգչուհի Հադիսեի երգերից մեկին։

Սոնյայի պրոդյուսեր, «Ժպիտ» ակումբի տնօրեն Գարիկ Իսրայելյանը նույնպես պնդում է, որ երգչուհին հրաժարվել է մասնացկել նախընտրական փուլին առողջական խնդիրների պատճառով։ Այդուհանդերձ, «Մաքս լիբերթիի» հետ զրույցում նա նշեց, որ «խնդիրը երգերի sample նմանության մեջ, որը սակայն երգի հետ կապ չունի»։
XS
SM
MD
LG