Մատչելիության հղումներ

Նախագահի ուղերձը, ըստ վարչապետի, «նոր էջ բացեց հայ-թուրքական հարաբերություններում»


Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Մարի Յովանովիչը մասնակցում են հայ-թուրքական հարաբերությունների նվիրված քննարկմանը Երեւանը: 12-ը փետրվարի, 2010թ.

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Մարի Յովանովիչը մասնակցում են հայ-թուրքական հարաբերությունների նվիրված քննարկմանը Երեւանը: 12-ը փետրվարի, 2010թ.

«Կարծում եմ, քաղաքական հարթության մեջ Հայաստանի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն արդեն իրականացվել են, եւ պահն է, որ Հայաստանի ու Թուրքիայի նախագահները դրսեւորեն քաղաքական կամք եւ գնան առաջ` վավերացնելով արձանագրություններն ու բացելով երկու երկրների միջեւ եղած սահմանը», - մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի` Աբդուլա Գյուլին հղած վերջին ուղերձը՝ ուրբաթ օրը Հայաստանում ամերիկյան առեւտրային պալատի եւ Միացյալ Նահանգների դեսպանատան կազմակերպած քննարկումների ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Թուրքիայի նախագահին հղած իր ուղերձով Սերժ Սարգսյանը միանգամայն նոր էջ բացեց հայ-թուրքական հարաբերութուններում։ Անկախ այն բանից` դուր է գալիս դա մեր ընդդիմախոսներին, թե ոչ, մենք բոլորս այսուհետ պետք է հաշվի նստենք այս նոր իրողության հետ», - ասաց Տիգրան Սարգսյանը՝ շարունակելով. - «Հանրապետության նախագահի ուղերձը, կարծում եմ, բոլոր կասկածները հանում է այն առումով, որ սա որեւիցե դիվանագիտական խաղ չէ, այլ մեր անկեղծ ձգտումն է հարեւան պետությունների հետ հաստատելու բարիդրացիական հարաբերություններ»:

«Հայ-թուրքական հարաբերություններ եւ միջսահմանային ռեգիոնալիզմ» խորագրի ներքո կայացած քննարկումներին մասնակցում էին նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը եւ Թուրքիայի Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի նախագահ Գյուվեն Սակը:

Վարչապետը իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ նախագահի ուղերձով վերահաստատվեց Հայաստանի այն դիրքորոշումը, որ երկկողմ հարաբերություները չեն կարող պայմանավորված լինել երրորդ կողմով, եւ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների։

Տիգրան Սարգսյանը հատուկ կարեւորեց նաեւ Սերժ Սարգսյանի` Լոնդոնում ունեցած ելույթը` հիշեցնելով. - «Նախագահը արեց կարեւոր մի քաղաքական հայտարարություն, որ ստորագրված արձանագրություններն իր կողմից ուղարկվում են Ազգային ժողով՝ դրանով իսկ եւս մեկ անգամ հավաստիացնելով, որ մենք պատրաստ ենք այդ արձանագրությունների վավերացմանը»:

Իսկ հայկական կողմից, վարչապետի խոսքով, վավերացումը որեւէ կերպ վտանգված չէ, քանի որ իշխող կուսակցությունը խորհրդարանում բավարար ներկայացվածություն ունի:

«Այս փուլում շատ ավելի մեծ դերակատարություն ունեն քաղաքական իշխանությունները», - շարունակեց նա: - «Նրանց հստակ կեցվածքից շատ բան է կախված, որովհետեւ դա ազդակ է ե'ւ հանրությանը՝ մեր քաղաքացիներին, դա ազդակ է նաեւ միջազգային հանրությանը»:

Նշելով, որ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ Ռուսաստանը պաշտպանում են Երեւանի դիրքորոշումը՝ Տիգրան Սարգսյանը ասաց. - «Բոլորն էլ սատարում են մեզ գնալ այս ուղղությամբ: Եվ ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ սա խորը գիտակցված քայլ է»:

Հայ հասարակության որոշ շրջանակներում ու հատկապես սփյուռքահայ հատվածում եղած մտահոգությունները Տիգրան Սարգսյանը համարում է շատ բնական. - «Որովհետեւ պատմությունից մենք ստացել ենք այնպիսի ժառանգություն ու այնպիսի ցավ, որը մեկ անկթարթում հաղթահարել հնարավոր չէ»:

Վարչապետի համոզմամբ, երկու հասարակություններում առկա այն շերտերը, որոնք շահագրգիռ են մերձեցմամբ, քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, իշխանությունների աջակցության կարիքն ունեն. - «Այդ ուժերին աջակցելու համար մենք մեծ անելիք ունենք: Հակառակ դեպքում այդ ուժերը կարող են հայտնվել փոքրամասնության մեջ»:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, իր հերթին, վերահաստատեց իր երկրի լիակատար աջակցությունն այս գործընթացին՝ ընդգծելով, որ սկսած «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկից մինչեւ հիմա` երբ երկու նախագահներն ուղերձներ փոխանակեցին, Հայաստանն ու Թուրքիան «տպավորիչ քայլեր են կատարել հարաբերություների կարգավորման ուղղությամբ»։

Յովանովիչը նշեց, որ սահմանի բացումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը լայն հեռանկարներ կբացեն ժողովուրդների մերձեցման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար:

«Տնտեսական հետազոտությունները վկայում են, որ դա բարենպաստ ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսությունների վրա», - ասաց նա՝ շարունակելով. - «Ոչ ոք չի մոռանում անցյալը, բայց նաեւ մեծամասնությունը նայում է ապագային»:

Թուրքիայի Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի նախագահ Գյուվեն Սակը իր ելույթում մեծ կարեւորություն տվեց միջսահմանային առեւտրին՝ նշելով, որ տնտեսությունն ինքնին նաեւ «շատ քաղաքական հարցերի լուծման բանալին կարող է լինել»:
XS
SM
MD
LG