Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը։

Նախաձեռնության հեղինակը քաղաքաշինության նախարարությունն է։

«Հայեցակարգում վեր են հանված ինքնակամ շինարարության դեպքերը նվազեցնելու, դրա դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու եւ հետագայում դրանք բացառելու համար լուծման կարիք ունեցող հիմնախնդիրներն ու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցառումները», - պարզաբանեց Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ հայեցակարգով առաջարկվում է կիրառել բավականին խիստ եւ կոշտ մոտեցումներ այն անձանց նկատմամբ, ովքեր ինքնակամ շինարարություն կիրականացնեն։

Վարչապետը նաեւ ներկայացրեց, թե ապօրինի շինությունների մասով ինչպիսին է ներկա վիճակը. - «Ցավոք սրտի, քննարկումների ժամանակ մենք արձանագրեցինք, որ իրավիճակը այնպիսին է, որ շատ ավելի ձեռնտու է անօրինական ձեւով այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացնել շինարարություն, հետո գնալ օրինականացման ճանապարհով, քան եթե մարդը ուզում է օրինական ճանապարհով իր սեփական հողի վրա ստանալ շինթույլտվություն եւ իրականացնել կառուցապատում»:

Ըստ վարչապետի, հայեցակարգը որակապես կփոխի ստեղծված իրավիճակը։

Հայեցակարգով նախատեսվում են օրենսդրական մի շարք փոփոխություններ։

Վարչական պատասխանատվություն է նախատեսվում համայնքների ղեկավարների համար, ովքեր համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել կանխարգելելու եւ կասեցնելու ինքնակամ շինարարությունները։

Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում Քրեական օրենսգրքի 315 հոդվածում՝ որպես պատժամիջոց նախատեսելով նաեւ ազատազրկումը։ Այդ հոդվածը առնչվում է պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, ինչը անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, կամ հասարակության, պետության օրինական շահերին։ Այսօր նման արարքի համար առավելագույն պատիժը երկամսյա կալանքն է։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանի պարզաբանմամբ, ինքնակամ շինարարության դեմ պայքարն այսօր իրականացվում է «Քաղաքաշինության մասին» օրենքի եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի շրջանակներում։

Հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտություն կա օրենսդրական փոփոխությունների, որպեսզի արդյունավետ լինի պայքարը ինքնակամ շինությունների դեմ, Ասատրյանը արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ ոչ թե օրենսդրական բացերի արդյունքն է դա… Շատ ժամանակ մարդիկ [շինարարություն] անում են՝ չպատկերացնելով, որ նախեւառաջ պետք է դրա համար քաղաքաշինական փաստաթղթեր ձեռք բերել»:

Ըստ Հայկ Ասատրյանի, նախորդ տարի իրավախախտման 124 դեպք է արձանագրվել, իրավախախտներից 95 ենթարկվել են վարչական տույժի, իսկ բռնագանձման ենթակա գումարը կազմել է ավելի քան 26 միլիոն դրամ։

Քաղաքաշինության նախարարության տվյալներով, միայն Երեւանում այսօր կա 74899 ինքնակամ շինություն:
XS
SM
MD
LG