Մատչելիության հղումներ

«Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան»


Կառավարության այս ծրագիրը նպատակ ունի երիտասարդ ընտանիքներին հնարավորություն տալ գնել արտոնյալ վարկային պայմաններով բնակարաններ: Կառավարությունը որոշել է նաեւ այն նախնական չափանիշները, որոնց պետք է համապատասխանի ծրագրից օգտվել հավակնող երիտասարդ ընտանիքը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը վերջերս հաստատվել է կառավարությունում եւ կմեկնարկի ամենաուշը 10 օրից:

Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է հատուկ հիմնադրամ: Նախնական որոշմամբ, ծրագրի համար հատկացվել է 3 միլիարդ դրամ, որը կբավականացնի մոտ 300 վարկի տրամադրմանը։ Չի բացառվում, որ ապագայում այդ թիվը կմեծանա:

Ծրագրի շրջանակներում հատուկ շենքեր չեն կառուցվել: Բնակարանները պետք է գտնեն երիտասարդ ընտանիքները: Բնակարանի գնի մեջ սահմանափակում նույնպես կա. այն չպետք է գերազանցի 14 միլիոն դրամը:

Արսեն Քարամյանը ասաց, որ անշարժ գույքի ոլորտում իրենք ուսումնասիրություններ են արել եւ եկել են եզրակացության, որ այս գումարը լիովին բավական է երիտասարդ ընտանիքին բնակարան ձեռք բերելու համար:

Անշարժ գույքի գործակալությունների շրջանում արված հարցումը ցույց տվեց, որ այս գումարով կարելի է գնել մեկ սենյականոց բնակարան Երեւանի ծայրամասերում:

Ծրագրին դիմողների շրջանում կան նաեւ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող հայեր, ուստի կառավարությունը որոշել է տրամադրել բնակարան արտերկրի այն քաղաքացիներին, որոնք որոշել են մշտական բնակություն հաստատել Հայաստանում:

Մեկ այլ խնդիր է նաեւ երիտասարդ ընտանիքի եկամտի չափը, որը պետք է լինի առնվազն 288 հազար դրամ: Շատ երիտասարդ ընտանիքներ չեն կարողանում ապահովել անհրաժեշտ գումարային շեմը, ուստի բնակարանները ավելի մատչելի դարձնելու նպատակով նախատեսվում է շենքեր կառուցել հատուկ այս ծրագրի համար:
XS
SM
MD
LG