Մատչելիության հղումներ

Առգրավվել է Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատմամբ Հայաստան տեղափոխված 7 կգ հերոին տեսակի թմրամիջոց


Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, Արտաշատ-Երեւան մայրուղուց փետրվարի 8-ին բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ քուրդ Հուսեին Մոհամանդ Ամին Կալեկանի Տազեհ Կանդը, որի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 4,7 կիլոգրամ ափիոն տեսակի թմրամիջոց:

Ըստ Հայաստանի ոստիկանության կայքէջում տեղադրված հաղորդման, պարզվել է, որ նախնական համաձայնության գալով իր հայրենակից ոմն Ամիրի հետ, Տազեհ Կանդը հունվարի 31-ին ժամանել է Երեւան, այնուհետեւ հայ-թուրքական պետական սահմանին հանդիպել է վերջինիս ուղարկած ոմն Խալիլի, որը փշալարերի վրայով նրան է նետել 4 կգ 764 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց։

Նույն օրը ձերբակալվել է նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ հայ Հովհաննես Դավթյանը, ում ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է մոտ 7 կգ հերոին տեսակի թմրամիջոց՝ թվով 9 հատ նկարների փայտյա շրջանակների մեջ։

Ոստիկանության հաղորդմամբ, Իրանի քաղաքացի Մոստաֆա Հասսանի Ադվաին խոշոր չափերի թմրամիջոցը Հայաստանում իրացնելու նպատակով նախնական համաձայնության գալով իր հայրենակիցներ Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանի ու ոմն Ջամալի հետ, փետրվարի 7-ին ժամանել է Երեւան, իսկ հաջորդ օրը, ժամը 20-ի սահմաններում, նա եւ Աշրաֆյանը, ՌԴ քաղաքացի Հովհաննես Դավթյանի վարած ավտոմեքենայով մեկնել են հիշյալ տարածք եւ հանդիպել Թուրքիայի տարածքից մոտեցող, քննությամբ չպարզված անձին, որը փշալարի մյուս կողմից նետել է վերը նշված թմրամիջոցը։

Վերը նշված թմրամիջոցներն իրացնելու կասկածանքով, ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակ անձինք։

Դատախազությունը հաղորդում է, որ աննախադեպ քանակի հերոին տեսակի թմրամիջոցը Հայաստան է տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատմամբ։ Հայտնաբերված հերոին եւ ափիոն տեսակի թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG