Մատչելիության հղումներ

«Հայկական ժամանակ» օրաթերթը վճարել է տուգանքը


Ռոբերտ Քոչարյանը կրտսեր որդու՝ Լեւոնի հետ:

Ռոբերտ Քոչարյանը կրտսեր որդու՝ Լեւոնի հետ:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր փոխանցեց, որ թերթը «մեծ դժվարությամբ» վճարել է 3 միլիոն տուգանքը՝ պարզելով, որ իրենց թերթը հրատարակող «Դարեսկիզբ» ընկերության գույքի վրա կալանք է դրվել, եւ թերթը կարող է լույս տեսնել միայն գումարը վճարելուց հետո։

Հակոբյանն ասաց, որ իրենց գույքի վրա կալանք է դրվել՝ չնայած իրենք տարաժամկետ վճարման համար բանակցություններ էին վարում՝ առաջարկելով ամսական 300 հազար դրամ վճարելով մեկ տարվա ընթացքում վճարել տուգանքը։

«Մենք տեղում այդ գումարը վճարեցինք, որպեսզի մեր բնականոն գործունեությանը ոչինչ չխոչընդոտի», - ասաց «Հայկական ժամանակ»-ի տնօրենը: - «Իրադարձությունների զարգացման այս պարագայում ամեն ինչ մի քիչ ավելի բարդ է, քան կարող էր լինել, բայց մենք, ես կարծում եմ, կհաղթահարենք»:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցը ընդդեմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի, որով նա պահանջում էր օրաթերթից հերքել Դուբայում ձերբակալվելու վերաբերյալ տպագրած լուրն ու վճարել ավելի քան 15 միլիոն դրամ տուգանք, դատարան մտավ անցյալ տարվա ապրիլին, անցավ ներպետական բոլոր դատական ատյանները, եւ արդյունքում առաջին ատյանի դատարանը հայցը բավարարեց մասնակի՝ պարտավորեցնելով «Դարեսկիզբ» ընկերությանը վճարել 3 միլիոն դրամ 620 հազար դրամ, իսկ վերաքննիչ ատյանը այդ գումարը իջեցրեց 3 միլիոն դրամի:

Աննա Հակոբյանը պնդեց, որ ճնշումներն իրենց վրա շարունակվում են։

«Այդ գործողությունները գնահատում եմ որպես մեր վրա իրականացվող երկարաժամկետ եւ հաստատուն ճնշումների մասը ընդամենը: Հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը հիմա գտնվում է անազատության մեջ», - ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ի տնօրենի փոխանցմամբ, իրենք դիմելու են Եվրոպական դատարան:
XS
SM
MD
LG